ԽԱՊԿ–ն զեկույց է հրապարակել
2011 թվականին, 2010-ի համեմատությամբ, զգալիորեն ավելացել են ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները: Զգալիորեն աճել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների քանակը. այս առումով առավել լարված էին առաջին եւ չորրորդ եռամսյակները: Սակայն 2010-ի համեմատ` նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները:
2011 թվականը, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով, պակաս լարված էր՝ նախորդ երեք տարիների համեմատ: Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրեց 5 նոր դեպք: Համեմատության համար՝ նշենք, որ 2008 թվականին գրանցվել էր լրագրողների նկատմամբ Ֆիզիկական բռնության 18 դեպք, 2009 թվականին` 11, իսկ 2010 թվականին` 9:
Այս մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում։ Նա հրապարակել է 2011 թ. տարեկան զեկույցը։ Նախորդ տարվա ընթացքում կոմիտեն պատրաստել եւ հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում (հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր) խոսքի ազատության վիճակը երկրում եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների` ԽԱՊԿ-ի արձանագրած խախտումները:
Այսօր ներկայացված զեկույցը վերաբերում է ամբողջ 2011 թվականին՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
Կոմիտեն ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշադրության է արժանացրել հետեւյալը։
Մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առեւտրային գովազդի ծավալը՝ 10-ից հասցնելով 14 րոպեի: Ըստ էության, այս փոփոխություններով օրինականացվեց գովազդի՝ օրենքով սահմանված ծավալի փաստացի գերազանցումը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում էին համապատասխան մոնիտորինգներ անցկացնող կազմակերպությունները:
Ըստ կատարված փոփոխությունների՝ գովազդի հեռարձակումն արգելվում է վերահեռարձակող հեռուստաընկերությունների կողմից: Գովազդային արգելքը տարածվում է նաեւ Հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքի վրա:
Զեկույցն ամբողջությամբ` այստեղ