2011 թվականին հայաստանյան ԶԼՄ–ները բավական բարդ պայմաններում են գործել.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
2011 թվականին հայաստանյան լրատվամիջոցները բավական բարդ պայմաններում են գործել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով կոմիտեի տարեկան զեկույցը:
Ըստ զեկույցի տվյալների` անցած տարվա առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություների զրո, երկրորդ եռամսյակում` 2, երրորդ եռամսյակում` 1, չորրորդ եռամսյակում` 2 դեպք:
«ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումների ընդհանուր թիվը կազմել է 49, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման մասով արձանագրվել է 7 դեպք: Ինչ վերաբերում է 2010 թվականին, ապա այդ տարի լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների դեպքերը եղել են 9, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումների թիվը՝ 19, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման մասով արձանագրվել է 7 դեպք»,- ասաց Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ ի տարբերություն ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակի աննախադեպ աճի`2011 թվականը, նախորդ երեք տարիների համեմատությամբ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով պակաս լարված է եղել:
Ամփոփելով` Մելիքյանը նշեց, որ դատական հայցերի առատ, աննախադեպ հոսքն անցած տարի հանգեցրել է լրատվամիջոցների ինքնագրաքննադատության մակարդակի բարձրացման: «Ընդհանուր առմամբ 2011-ին հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները շատ ծանր պայմաններում են աշխատել»,- ասաց նա:
«Հատկանշական է, որ քաղաքական գործիչների` լրատվամիջոցների դեմ հայցերը շատ դեպքերում հիմք հանդիսացան, որպեսզի քաղաքացիական անձինք ևս դիմեն նմանօրինակ քայլի»: