Խոսքի ազատություն. նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը
հայ լրագրողների նկատմամբ, ավելացել են դատական հայցերը
2011 թ., 2010-ի համեմատությամբ, զգալիորեն նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերն ու տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, մինչդեռ ավելացել են ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումները, հատկապես նրանց դեմ գործադրվող տարաբնույթ ճնշումները:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը` ամփոփելով 2011-ի ընթացքում Հայաստանում խոսքի ազատության և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վիճակի մասին կոմիտեի տարեկան զեկույցը:
«2011-ի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ընդամենը 5 դեպք է արձանագրվել, մինչդեռ նախորդ տարի` 9, արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 7 խախտում` նախորդ տարվա 18-ի դիմաց: Մինչդեռ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումների աննախադեպ քանակ է գրանցվել` 49 (նախորդ տարի արձանագրվել էր 19 դեպք), որից 34-ը դատական գործեր են եղել»,- ասում է Մելիքյանը` հիշեցնելով երեք հանրապետական պատգամավոր գործարարների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հայցերն ընդդեմ «Հրապարակ» և «Ժամանակ» օրաթերթերի և այլն:
Ըստ Մելիքյանի` դատական գործերի նման աճը պայմանավորված է վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի ապաքրեականացմամբ (2010 թ.), որի կիրառումը տարվա ընթացքում դարձավ իրավական, միաժամանակ` քաղաքական և տնտեսական ճնշումների գործիք` առավելապես ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ:
«Ընդհանուր առմամբ 2011-ը եղել է բավական դժվար հայաստանյան լրատվամիջոցների համար, քանի որ դատական գործերի աննախադեպ քանակը ստեղծեցին անառողջ մթնոլորտ, ինքնագրաքննության հիմք և թաքնված գրաքննության տարրեր էին իրենց մեջ պարունակում»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ լրատվամիջոցների դեմ դատական այդ գործընթացները միտում ունեն ֆինանսական կոլապսի մեջ գցել և լռեցնել հատկապես «անցանկալի» ԶԼՄ-ներին:
Տես` http://armenianow.com/hy/social/human_rights/35150/armenian_human_rights_press_freedom