Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարցման, ստացել է «Աերոսիսթեմս ինթերնեշնլ» կանադական ընկերության` Հայաստանում իրականացրած ռադիոհաճախականությունների աուդիտի արդյունքների մասին զեկույցը: 141 էջից բաղկացած փաստաթղթում հեռարձակման ոլորտին հատկացված է ընդամենը մեկուկես էջ, որտեղ չկան հանրությանը հետաքրքրող կարեւոր հարցերի պատասխանները: Դրանք են` Հայաստանում քանի՞ հաճախականություն է նախատեսված հեռարձակման համար, եւ դրանցից քանի՞սն են զբաղված, քանի՞սը` ազատ:
Առնվազն արդեն երրորդ տարին է, որ երկրի լրագրողական կազմակերպությունները հետաքրքրվում են այս հարցերով: Իսկ առիթը եղավ Եվրոպայի խորհրդի փորձագետ Ալեք Թոմասի զեկույցը, որը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողովում 2009 թ. հոկտեմբերին «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով կայացած լսումների ընթացքում: Եվրոպացի փորձագետը հայտարարեց, որ Երեւանում կան չօգտագործված հաճախականություններ, եւ առաջարկեց անցկացնել աուդիտ: Այդպիսով, ըստ էության, հերքվեցին տեղի պաշտոնատար անձանց պնդումներն այն մասին, թե այդ ժամանակահատվածում հեռարձակման լիցենզավորման մրցույթներ չէին անցկացվում` ազատ հաճախականություններ չլինելու պատճառով: Բացի այդ` Եվրոպայի խորհրդի փորձագետի հայտարարությունը դարձավ մի շարք լրագրողական միավորումների այն կարծիքի անուղղակի հաստատումը, որ 2008-2010 թթ. այդ մրցույթների առիթով հայտարարված մորատորիումը նպատակ էր հետապնդում ամբողջությամբ վերահսկվող հեռարձակման ոլորտում պահպանելու ստատուս քվոն եւ թույլ չտալու այստեղ նոր «խաղացողների» ի հայտ գալը:
Այնուամենայնիվ, անալոգայինից թվային հեռարձակման անցման կապակցությամբ, երկրում անցկացվեց ռադիոհաճախականությունների աուդիտ: Սակայն դրա արդյունքները տեւական ժամանակ անհասանելի մնացին թե´ տեղական եւ թե´ միջազգային հանրությանը:
Մասնավորապես` 2010 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հեռարձակման ոլորտին վերաբերող հաճախականությունների աուդիտի տվյալները տրամադրելու խնդրանքով, երկու անգամ պաշտոնական հարցում ուղարկեց ՀՀ տարածքում հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պաշտոնը այն ժամանակ զբաղեցնող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին: Սակայն առաջին անգամ ստացված պատասխանում ասված էր, որ անցկացված աուդիտի արդյունքների հաշվետվությունը քննարկվում է, եւ եզրակացությունների ամփոփումից հետո կտրամադրվի հետաքրքրված կազմակերպություններին: Երկրորդ անգամ ասված էր, որ հայկական կողմը չի ընդունել փաստաթուղթը եւ վերադարձրել է այն կանադական կազմակերպությանը` լրամշակման:
Արդեն անցել էր մեկից ավելի տարի, եւ ԽԱՊԿ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ուղարկեց նոր հարցում: Այս անգամ նախարար Տիգրան Դավթյանի ստորագրությամբ պատասխան նամակին կից` ստացանք ռադիոհաճախականությունների աուդիտի 141-էջանոց զեկույցըը: Ինչպես արդեն նշվել է` այստեղ հեռարձակման ոլորտին հատկացված է ընդամենը մեկուկես էջ, եւ, ըստ էության, փաստաթղթի այդ հատվածը որեւէ նորություն չի պարունակում, այլ` սոսկ հանրածանոթ տեղեկությունների շարադրանք, ավելի ճիշտ, հակիրճ ամփոփում, այն էլ`չափազանց կասկածելի որակով: Զեկույցն ամենեւին չի տալիս որեւէ պատկերացում` հեռարձակման սպեկտրի օբյեկտիվ վիճակի, հնարավորությունների եւ չօգտագործված պաշարների վերաբերյալ:
Այսպես` հեռուստահեռարձակմանը վերաբերող պարբերությամբ ասված է միայն, որ հեռուստատեսությունը Հայաստանում տեղեկատվության հիմնական միջոցն է, եւ որ` «Քաղաքացիների 90%-ը վստահում է (ընդգծումը մերն է) նորություններին եւ զվարճալի ծրագրերին: Այս սեկտորում երեք առաջատարներն են` Հ1, Շանթ հեռուստաընկերությունը, Արմենիա TV-ն: Մյուսներն ընդգրկում են Լոռի TV, Ֆորտունա TV , Ցայգ TV եւ Հրազդան TV: Հայաստանը ունի հանրային եւ մասնավոր վերգետնյա հեռուստակայանների խումբ հիմնադրված Երեւանում, որոնք ներկայացնում են հեռարձակման կիզակետը` ներառելով հեռուստարտադրանքը, հեռուստատեսային ծրագրերի ձայնագրություն եւ պահպանում, եւ ծառայություններ: Գյուղական եւ հեռավոր տարածքներում հեռուստաազդանշանների հեռարձակումը տեղի է ունենում հիմնականում Հայաստանի Հանրային Հեռուստատեսության միջոցով եւ վերահաղորդվում է ՀՀ տարածքով մեկ կրկնիչների միջոցով» (անգլերենից թարգմանությունը, ուղղագրությունն ու կետադրությունը`ըստ մեր ստացած փաստաթղթի): Ուրիշ ոչինչ:
Հավանաբար, զեկույցի հեղինակները լավ են հասկացել, որ փաստաթղթի` հեռարձակմանը վերաբերող մասը միանգամայն թերի է, այդ իսկ պատճառով` այս բաժնի վերջում նշել են. «Ժամանակակից ավտոմատացված տվյալների բացակայության պատճառով դժվար է ձեռք բերել թույլտվությունների ընդհանուր քանակի, հատկացված հաճախականությունների, տարբեր ծառայություններին սպեկտրի բաշխման վերաբերյալ տվյալներ եւ թե որքան սպեկտր է օգտագործվում տրված բաշխման կամ հատկացման ներսում» (բառացի մեջբերում նույն փաստաթղթից):
Շատ էական դիտողություն: Այսինքն` ստացվում է, որ երկրի հեռարձակման ոլորտում գրեթե չկա որեւէ հաշվառում եւ վերահսկում, քանի որ աուդիտորները չեն կարողացել ստանալ այդքան տարրական տեղեկություններ: Իսկ գուցե կանադական ընկերությանը պարզապես չե՞ ն տրամադրվել այդ տեղեկությունները: Համենայնդեպս, այն փաստը, որ զեկույցը մի քանի ամիս քննարկվում էր, իսկ հետո վերադարձվել է լրամշակման (անկախ աուդիտի անցկացման տեսակետից չափազանց տարօրինակ քայլ է, այնպես չէ՞), լուրջ կասկածներ է առաջացնում հեռարձակման ոլորտի անաչառ պատկերը ստանալու մտադրության անկեղծության հարցում:
Իսկ եթե այդպես է, ուրեմն` ինչի՞ համար էր աուդիտի անցկացումը: Միջազգային կառույցներին գոհացնելո՞ւ, թե՞ անալոգայինից թվային հեռարձակման անցման բուռն գործունեության իմիտացիա կատարելու: Գուցե անհրաժեշտ էր ստեղծել լրացուցիչ փաստարկնե՞ր, եւ անհրաժեշտության դեպքում հղում կատարել դրանց` իրագործելով թվայնացման նախապես մշակված ծրագիրը: Թերեւս, միանգամայն տեղին են այս ենթադրությունները` թե´ միասին վերցված, եւ թե´ առանձին-առանձին: Այսօր արդեն իսկ լիովին տեսանելի է, որ 2010 թվականին` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագծի քննարկման ժամանակ, երբ Ներսես Երիցյանը պնդում էր, թե թվային հեռարձակման անցման տեխնիկական կողմին վերաբերող բոլոր որոշումներն ընդունված են` աուդիտի արդյունքները հաշվի առնելով, մեղմ ասած, իրականությանը չէր համապատասխանում: Երկու պարզ պատճառով. նախ` այն ժամանակ աուդիտը դեռեւս ավարտված չէր, եւ երկրորդ` դրա հիման վրա պատրաստված զեկույցը չի պարունակում բավարար տվյալներ` կարեւոր որոշումներ ընդունելու համար:
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
ԽԱՊԿ նախագահ
Հ.Գ. Ստորեւ ներկայացվում են զեկույցի` հեռարձակման ոլորտին վերաբերող էջերի լուսապատճենները: