Կարծես հրահանգ էր տրվել՝ ապահովելու բազմակարծություն. Աշոտ Մելիքյան
Նախընտրական եթերը բաց էր լուսաբանման համար ու գրեթե չեզոք:
Հեռուստաընկերությունները ցույց տվեցին, որ կարող են աշխատել չեզոք և ապահովել բազմակարծություն, բայց այս անգամ էլ կարծես հենց հրահանգ էր տրվել՝ ապահովելու բազմակարծություն, ի տարբերություն իշխանությունների սովորական գործունեության, երբ թույլ չեն տալիս, այդ թվում նաև՝ թաքնված գրաքննությամբ, ազատ լուսաբանել:
Սա նախընտրական շրջանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիթորինգի եզրակացությունն է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ փետրվարի 15-ից ապրիլի 8-ը և լռության օրը ուսումնասիրել են ՀԸ-ներին: Դիտարկվել են 10 հեռուստաընկերություններ, որոնք ունեն հասարակական-լրատվական հաղորդումներ: Ընդհանուր առմամբ դիտարկել են մոտ 90 ասուլիսներ:
Ա. Մելիքյանի խոսքով՝ առաջին փուլում ՀՀԿ-ն, ԺԿ-ն, ՀԱԿ-ը առավել ակտիվ էին, երկրորդ փուլում ՀՀԿ-ն շատ քիչ ասուլիսներ անցկացրեց, ի տարբերություն ՀՀԿ-ի՝ ԺԿ-ն և ՀԱԿ-ը 12-ական ասուլիսներ էին անցկացրել:
Ոչ բոլոր ՀԸ-ներն են ակտիվ եղել, բայց փորձել են չանտեսել որևէ քաղաքական ուժի: Առաջին փուլում ամենաակտիվների եռյակը կազմել են Հ2, «Երկիր մեդիա», «Արմնյուզ» ՀԸ-ները, որոնք ներկա են եղել ասուլիսների 50%-ին, մյուսները՝ ավելի քիչ:
«Երկիր մեդիան», «Արմնյուզը» 4-ական ասուլիս են նկարել, բայց չեն լուսաբանել: Այս միտումը նկատվել է նաև երկրորդ փուլում, և ռեկորդակիրը «Արմնյուզն» է, որ նկարահանած 14 ասուլիսներից միայն 5-ն է լուսաբանել: Հ1-ն անդրադարձել է բոլոր 9 քաղաքական ուժերի ասուլիսներին, ընդ որում՝ երկրորդ փուլում ԺԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին ավելի շատ ժամանակ է տրամադրվել, քան կոալիցիայի ներկայացուցիչ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին: ՀՀԿ-ն թեև քիչ է ասուլիս տվել, սակայն նրան նաև ավելի քիչ են լուսաբանել, այսպես՝ Գալուստ Սահակյանի վերջին ասուլիսին ներկա էին 2 ՀԸ-ներ, բայց չլուսաբանեցին ասուլիսը:
Ա. Մելիքյանը հայտնեց, որ առավել ուշադրություն է դարձվել Նիկոլ Փաշինյանի, Վահան Հովհաննիսյանի, Արամ Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հեղինե Բիշարյանի, Ռուբեն Թովմասյանի հանդեպ:
«Պարադոքս է, բայց նման հետաքրքրություն չառաջացրին բանավեճերը»,- ասաց Ա. Մելիքյանը՝ դա բացատրելով նրանով, որ մեզանում քաղաքական բանավեճի մշակույթը զարգացած չէ: Ըստ նրա՝ բոլոր բացասական կողմերով հանդերձ, նախորդ տարիների դիտարկումների համեմատ, 2012 ընտրություններից առաջ հավասարակշիռ լուսաբանումը և բազմակարծության ապահովումը նկատելի էին: