Աշոտ Մելիքյան. Քաղաքական բանավեճի կուլտուրան զարգացած չէ (Տեսանյութ)
«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, որը խոսեց «Քաղաքական ուժերի՝ նախընտրական շրջանում անցկացված մամուլի ասուլիսների լուսաբանումը» թեմայով :
Բանախոսը տեղեկացրեց, որ մոնիթորինգն անց է կացվել երկու փուլով՝ փետրվարի 15-ից ապրիլի 8-ը եւ ապրիլի 8-ից մինչ «լռության օրը»: Դիտարկվել են քաղաքական գործիչների այն ասուլիսները, որոնք տեղի են ունեցել առավել ակտիվ գործող 7 մամուլի ակումբներում՝ «Իրատես դե ֆակտո», «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Պոստ սկրիպտում», «Ուրբաթ» եւ «Փաստարկ»: TV-ներից հետազոտության մեջ ներառվել են «Ար»-ը, «Արմենիան», «Արմնյուզը», ԱՏՎ-ն, «Երեւանը», «Երկիր մեդիան», «Կենտրոնը», «Հ1»-ը, «Հ2»-ը, «Շանթը»:
«Նախ հաշվառվել է տվյալ ասուլիսին հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի ներկայությունը: Հետո դիտարկողը հետեւել է թողարկումներին եւ նշել թողարկման ձեւերը՝ սինխրոնո՞վ, թե՞ համր, եւ թե ինչպե՞ս է լուսաբանվել՝ դրակա՞ն, բացասակա՞ն, թե՞ չեզոք: Ուշադրություն ենք դարձրել այն բանին, թե TV -ները որքանով են համարժեք լուսաբանել եւ անաչառորեն ընտրողներին ներկայացրել նախընտրական ուղերձներն ու ծրագրերը»,- հայտնեց Ա. Մելիքյանը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ բոլոր TV -ներն են ակտիվություն ցուցաբերում, սակայն միաժամանակ ձգտում են անդրադառնալ բոլոր քաղաքական ուժերին: Ա. Մելիքյանը նշեց, որ մոնիթորինգի առաջին փուլում առավել ակտիվ են եղել «Հ2»-ը, «Երկիր մեդիան» եւ «Արմնյուզը», որոնք ներկա են եղել դիտարկված ասուլիսների 50 տոկոսից ավելիին: Դրանց հաջորդում են «Կենտրոնը», «Արմենիան» եւ «Հ1»-ը, որոնց ներկայությունը գնահատվել է 35-45 տոկոս. «Եղել են դեպքեր, երբ «Երկիր մեդիան» եւ «Արմնյուզը» ներկա են եղել 4 ասուլիսի, սակայն չեն լուսաբանել: Դա ես կապում եմ ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ: Եղել է եւ հակառակը, երբ TV –ն չի նկարահանել եւ լուսաբանել է: Դա, հավանաբար, TV -ների միջեւ պայմանավորվածության արդյունք է, ինչի շնորհիվ իրար տեսագրություններ են տրամադրել»,-ասաց Ա. Մելիքյանը:
Նա հավելեց, որ TV -ների կողմից ուշադրության չեն արժանացել բանավիճային ասուլիսները. «Մեզանում քաղաքական բանավեճի կուլտուրան դեռեւս զարգացած չէ, այդ պատճառով հեռուստաընկերությունները սպասելիք չունեն բանավեճերից»: Աշոտ Մելիքյանը նշեց, որ առանձնահատուկ ուշադրությամբ դիտարկվել է «Հ1»-ը, որն ուսումնասիրված 10 ՀԸ-ների մեջ ընդամենը 6-րդ տեղում է առաջին փուլում, իսկ երկրորդում՝ 7-ը. «Հ1»-ի լուրերի թողարկումներում անդրադարձ է եղել խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հրավիրած ասուլիսին, ընդ որում՝ երկու փուլում էլ ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» լուսաբանել է 9-ական ասուլիս: Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին, ապա դրանց նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի դրսեւորել»-հավելեց բանախոսը:
Ամփոփելով՝ նա նշեց, որ ասուլիսների հեռուստալուսաբանման բովանդակությունը հիմնականում չեզոք է եղել՝ առանց սեփական կամ այլոց մեկնաբանությունների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ