Նիկոլ Փաշինյանի ասուլիսը հեռուստատեսությունների ուշադրության կենտրոնում էր. մոնիտորինգ
Մայիսի 6-ին կայացած ընտրությունների հաջորդ օրն իսկ հայ հեռուստադիտողը վերադարձել է այն եթերին, որը կար մինչ այդ, երբ ամբողջ քարոզչական մեքենան փորձում էր ապացուցել, որ Հայաստանում փայլուն ընտրություններ են անցկացվել, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Ինձ շատ հաճախ հարցնում են, թե կարո՞ղ ենք արդյոք համարել, թե այս ընտրությունների ու քարոզարշավի լուսաբանումն աննախադեպ լավն էր: Ես էլ պատասխանում եմ՝ եթե այդպես ասենք, ուրեմն չափազանց վարդագույն կներկայացնենք իրավիճակը, բայց որ այն շատ ավելի հաջող էր, քան բոլոր նախորդները, դա ես պետք է ընդունեմ», – ընդգծել է Մելիքյանը ու ներկայացրել կոմիտեի ՝ 2012 թվականի փետրվարի 15-ից մինչև մայիսի 4-ը ներառյալ երևանյան մամուլի ակումբներում քաղաքական ու հասարակական գործիչների՝ մամուլի ասուլիսների՝ հետուստաեթերում լուսաբանումների դիտաարկման արդյունքները:
Հետազոտության մեջ ներառվել են հասարակական-քաղաքական լուրերի թողարկումներ ունեցող 10 հեռուստաընկերություններ՝ «Ար», «Արմենիա», «Արմնյուզ», «ATV», «Երևան», «Երկիր մեդիա», «Կենտրոն, «Հ1», «Հ2» «Շանթ»:
Մելիքյանի խոսքով՝ առաջին փուլում՝ փետրվարի 15-ից մինչև ապրիլի 8-ը դիտարկվել է քաղաքական ու հարսարակական գործիչների մասնակցությամբ 42 մամուլի ասուլիս, երկրորդ փուլում ՝ 47:
«Այսպես՝ եթե ՀՀԿ ներկայացուցիչներն առաջին փուլում 14 մասնակցություն են ունեցել, ապա երկրորդին՝ ընդամենը 2: Հակառակ պատկերն է երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի մասնակցությամբ 8 և «Ժառանգության» դեպքում՝ («Ազատ դեմոկրատների») հետ մեկտեղ 9 ասուլիս: Երկրորդ փուլում երկու ուժերն էլ 12-ական անգամ են մասնակցել ասուլիսներին», – ասել է Մելիքյանը:
Մելիքյանը խոսել է նաև հեռուստաընկերությունների ցուցաբերած՝ասուլիսներին անդրադառնալու ոչ բարձր ակտիվության մասին:
«Հետևել ենք նշված հեռուստաընկերությունների ակտիվությանը՝ թե դիտարկված ասուլիսներից քանիսն են նկարահանվել ու լուսաբանվել՝ օրինակ Երկիր Մեդիան առաջին փուլում կատարել է 27 նկարահանում, լուսաբանել 23-ը, երկրորդ փուլում՝ նկարահանած 17 ասուլիսներից լուսաբանել է 15-ը» – պատմել է Մելիքյանը և ընդգծել, որ լուսաբանման առումով առավել ակտիվ են եղել «Հ2»-ը, «Երկիր մեդիան» և «Արմնյուզը», սրանց էլ հաջորդում են «Կենտրոնը», «Արմենիան» և «Հ1»-ը:
«Լուսաբանմա առումով եղել են որոշակի վերապահումներ: Ուշագրավ է, որ բացի «Հ2», «Կենտրոն», «Արմենիա» և «Ար» հեռուստաընկերություններից, մնացած վեցը թեև ասուլիսների ապահովել են ներկայություն, սակայն եղել են դեպքեր, երբ չեն լուսաբանել նկարահանած նյութը՝ մասնավորապես՝ «Երկիր մեդիան» ու « Արմնուզը» ներկա են եղել, բայց րչեն լուսաբանել 4 ասուլիս: Հետեքրքրական է «Ար»-ի մոտեցումը՝ առաջին փուլում նկարահանել ու լուսաբանել է 14, երկրորդում փուլում ՝ ոչ մի ասուլիս», – ասել է նա:
Մելիքյանը նշել է, որ ակտիվությամբ մոնիտորինգի առաջին փուլում «Հ1» -ը 6-րդ տեղում է, երկրորդ փուլում՝ 7-րդ:
«Ի դեպ, մեծ է եղել ուշադրությունը հատկապես ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մարտի 26-ի ասուլիսին. ներկա եղած 10 հեռուստաընկերություններից 9-ը լուսաբանել են: Նույնկերպ լուսաբանվել է նաև ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ասուլիսը: 8 հեռուստաընկերություն լուսաբանել են ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանի և ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանի համատեղ ասուլիսները», – պատմել Մելիքյանը ու ավելացրել, որ մոնիտորինգի արդյունքների դիտարկման երկու փուլի տվյալները որոշակիորեն տարբեր են, ինչը պայմանավորված էր նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ասուլիսների հրավիրելու ակտիվությամբ ու քարոզարշավի ընթացքում ընտրած մարտավարությամբ, այնուհանդերձ նախընտրական հեռուստաեթերն, ընդհանուր առմամբ, բաց է եղել բոլոր կուսակցությունների համար: