Ֆիզիկական բռնության դեպքերի նվազումը դեռ մամուլի ազատություն չէ. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց 2012 թվականի երրորդ եռամսյակային զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
ԽԱՊԿ-ի հետազոտության արդյունքների համաձայն` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 1 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 9, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 6 դեպք:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցվել է 5 միջադեպ, որոնցից մեկը ֆիզիկական բռնության դեպք էր, երբ քաշքշել, ապտակել և փորձել են «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի ձեռքից խլել տեսախցիկը, իսկ մնացած 4 դեպքը եղել են տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումներ:
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ, չի կարելի Հայաստանում մամուլի ազատության վիճակը բավարար գնահատել, քանի որ միայն այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ԶԼՄ-ներկայացուցիչների հանդեպ բռնության դեպքերը նվազել են, դեռ չի վկայակոչում խոսքի լիարժեք ազատության և ինֆորմացիայի տարածման խոչընդոտների նվազման մասին. ֆիզիկական բռնություններին ուղղակի փոխարինելու են եկել ԶԼՄ-ների դեմ ուղղված բազմաթիվ դատական հայցերը և ֆինանսական հետապնդումները:
Ամփոփելով եռամսյակի արդյունքները` Աշոտ Մելիքյանը մամուլի ազատության տեսանկյունից կարևորեց այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է վարույթ «Հայկական ժամանակ» օրաթերթն ընդդեմ ՀՀ կառավարության գործով, որում, մասնավորապես, լրատվամիջոցը պահանջում է վնասի փոխհատուցում 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երևանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի համաձայն հարկադրաբար չտպագրվելու դիմաց: Թերթը պահանջում է 9 մլն դրամ չաշխատած օրերին կրած վնասի համար, 20 հազար եվրո բարոյական վնասի և 10 հազար եվրո փաստաբանական ծախսերի փոխհատուցման համար: