Ա. Մելիքյան. Երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների 16 դեպք
ՏԻՄ ընտրությունների ընթացքում, նաև քարոզարշավի ժամանակ, արձանագրվել է լրագրողների դեմ ճնշումների գործադրման հինգ դեպք` մեկը ֆիզիկական բռնություն, չորսը` տեղեկություն ստանալու իրավունքի և տարածելու խախտում: Այս մասին ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ԽԱՊԿ 2012թ.երրորդ եռամսյակային զեկույցը (հուլիս-սեպտեմբեր) Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:
Նրա խոսքով, իրենց դիտարկումների համաձայն, ընտրական շրջանում ընդհանրապես ուժեղանում են լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները:
Ընդհանրապես, երրորդ եռամսյակում արձանագրվել է 16 խախտում` 1 ֆիզիկական բռնություն, 9` ճնշումներ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատամբ, 6` տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում:
Համեմատության համար Ա. Մելիքյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել, երկրորդ եռամսյակում` խորհրդարանական ընտրությունների շրջանում, արձանագրվել է բռնության երեք դեպք: ԽԱՊԿ նախագահի խոսքով, անցած տարվա նույն ժամանակաշրջանն ավելի հանգիստ էր:
Ուսումնասիրության համաձայն, երրորդ եռամսյակի և առհասարակ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն 2011-ի, նվազել են ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցերի քանակը: Նախորդ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում 25 հայց է ներկայացվել, այս տարվա նույն ժամանակաշրջանում` 10, որից չորսն արձանագրվել է երրորդ եռամսյակում:
Ա. Մելիքյանի խոսքով, անցած ժամանակաշրջանում նկատելի իրադարձություն էր Ա1+-ին «Արմնյուզով» եթեր տալը, թեև միաժամանակ նշեց, որ դա բավարար չէ հայկական հեռուստաեթերում բազմակարծություն ապահովելու համար:
Աղբյուր` Panorama.am