Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բողոքը ՀՀ վարչական դատարանի օգոստոսի 3-ին կայացրած վճռի այն մասի վերաբերյալ, որով օրինաչափ էր համարվել վերահեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրերի պատճենները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ԽԱՊԿ-ին չտրամադրելը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ ստանալու հայցով դատական այս գործընթացը սկսվել է դեռեւս 2011 թ. ապրիլին, այն բանից հետո, երբ ՀՌԱՀ-ն, ԽԱՊԿ-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան, հայտնել էր, թե պատճենահանման ենթակա չեն գաղտնիք պարունակող փաստաթղթերը։ ԽԱՊԿ-ի հարցումը վերաբերում էր ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման թիվ 6, 12-14 եւ 16-25 մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները ստանալուն։ ՀՌԱՀ-ն դրանցում առկա վերահեռարձակման պայմանագրերը եւ ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV) համարում էր գաղտնիք պարունակող: Հետեւողական պայքարի արդյունքում ԽԱՊԿ-ին հաջողվեց ապացուցել, որ CV-ները չեն կարող համարվել անձնական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. ՀՀ վարչական դատարանի նույն՝ 2012 թ. օգոստոսի 3-ի վճռով ԽԱՊԿ-ին վերջապես հնարավորություն ընձեռվեց ստանալու դրանց պատճենները (տե՛ս «CV-ների գաղտնազերծում՝ դատարանի միջոցով» հոդվածը)։ Բայց ահա վերահեռարձակում իրականացնելու՝ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերը դեռեւս համարվում են գաղտնի։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը դեկտեմբերի 13-ին կայացրած որոշմամբ հիմնավոր համարեց ՀՀ վարչական դատարանի այն պատճառաբանությունը, թե նշված պայմանագրերի տրամադրման մերժումը ՀՌԱՀ-ի կողմից իրավաչափ է, քանի որ դրանցում առկա է նշում այն մասին, որ առանց կողմերի համաձայնության՝ այդ պայմանագրերը հրապարակման ենթակա չեն, ասել է թե՝ առեւտրային գաղտնիք են պարունակում։ Սակայն նախ հարկ է հիշել, որ համաձայն իր իսկ՝ ՀՌԱՀ-ի թիվ 23-Ն որոշմամբ (28 հունիսի, 2010 թ.) հաստատված կարգի՝ հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթների մասնակիցների հայտերը եւ կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում: Եթե դրանք հրապարակվել են, ապա գաղտնիք պարունակող չեն կարող համարվել։ Չկա որեւէ հիմնավորում կամ ապացույց, թե դրանք դռնբաց նիստում չեն հրապարակվել, այլ ծածուկ են ուսումնասիրվել։
Բացի այս՝ չէ՞ որ մրցույթի անցկացման պայմանները նույնն էին բոլոր մասնակիցների համար։ Մինչդեռ, օրինակ՝ «Ա1+»-ի հայտը մերժելիս հանձնաժողովը հրապարակային քննարկման նյութ էր դարձրել «Ա1+»-ի ներկայացրած հենց ֆինանսական միջոցներին վերաբերող փաստաթղթերը, որոնց զգալի մասը համարում էր կեղծ։ Արդյո՞ք այս դեպքում գաղտնիության սկզբունքը կարեւոր չէր, կամ մի՞թե հենց միայն այս հայտի առնչությամբ է եղել այդ փաստաթղթերը հրապարակելու մասին կողմերի համաձայնությունը։ Ստացվում է, որ ՀՌԱՀ-ի համար շատ հեշտ է այս կամ այն փաստաթուղթը հայտարարել անձեռնմխելի, կամ՝ ոչ. դա կախված է պահի թելադրանքից կամ կոնկրետ նպատակից։ Ավաղ, դատական ատյաններն էլ իրենց որոշումներով հաճախ խթանում են հենց այսպիսի կամայական մոտեցումները։
Այնուամենայնիվ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտադրված է բողոքարկելու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ դեկտեմբերի 13-ի որոշումը։
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ