Հունվարի 30-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը եւ տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի՝ 2012 թվականին ԽԱՊԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքները եւ վերլուծությունը։ Ծրագիրն իրականացվել է Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների կայքերի պատասխանատուները, լրագրողական կազմակերպությունների փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ներկաներին ծանոթացրեց մենիտորինգի իրականացման նպատակներին ու հետազոտության արդյունքներին։ Իսկ մոնիտորինգային խմբի ղեկավար, ԽԱՊԿ իրավաբան Օլգա Սաֆարյանը պարզաբանեց, թե առավելապես ինչ խնդիրներ են բնորոշ դիտարկված 52 պաշտոնական կայքերին եւ թե հանրային նշանակության որ տեղեկատվությունն է թերի կայքերի մեծամասնությունում։ Վերջում բանախոսները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։