Առաջատար հեռուստաընկերությունները լուսաբանել են նախագահի 41 հնարավոր թեկնածուի գործունեություն
Մինչ նախագահի թեկնածուների պաշտոնապես առաջադրվելը հայաստանյան 9 առաջատար հեռուստաընկերություն լուսաբանել է նախագահի 41 հնարավոր թեկնածուի գործունեություն: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ որպես պատճառ նշելով քաղաքական դաշտում այն ժամանակ տիրող անորոշությունը:
Լրատվամիջոցներով ամենից շատ լուսաբանված նախագահի 6 հնարավոր թեկնածուներն էին Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանը: Այս 6 գործչից ընդամենը 2-ը առաջադրվեց, իսկ մյուսները նույնիսկ չհայտարարեցին որևէ մեկին սատարելու մասին:
«Եվ փաստորեն այն մեծ ներուժը, որը օգտագործեցին լրատվամիջոցները այդ հնարավոր թեկնածուների գործունեության լուսաբանմանը, կոնկրետ նպատակ չհետապնդեց: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ լուսաբանումների մոտավորապես 60 տոկոսը ավելորդ էր, նպատակին չէր ծառայում»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա գնահատմամբ՝ նախագահական ընտրությունների լուսաբանման առումով իսկապես եթերը բաց է բոլոր թեկնածուների առջև, և տարբերությունը կարող է լինել թեկնածուների ֆինանսական կամ կազմակերպչական հնարավորություններով պայմանավորված: Ի տարբերություն 2012-ի խորհրդարանական ընտրությունների՝ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական քարոզարշավից առաջ ևս հեռուստաընկերությունները ոչ խտրական մոտեցում են ցուցաբերել թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս:
Սակայն սա, Աշոտ Մելիքյանի խոսքով, չի նշանակում, որ հեռարձակողները կարողանում են ամբողջովին կատարել ընտրողին իրազեկելու առաքելությունը: Մասնավորապես, «հյուր ստուդիայում» ձևաչափով բավարար ուշադրություն չի դարձվում փորձագետների և վերլուծաբանների՝ նախընտրական իրավիճակի մեկնաբանությունների բազմակողմանիությանը:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ ևս հայաստանյան հեռուստաեթերը բաց էր ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի առջև, ինչն առաջին անգամ էր հետխորհրդային շրջանում: Հեռուստաընկերությունները խտրականություն չցուցաբերեցին, իսկ առցանց և տպագիր զլմ-ները ներկայացրին կարծիքների լայն շրջանակ:
Միաժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ընդգծեց, որ հեռուստաընկերությունների նման գործելաոճը խոսքի ազատության մակարդակի բարձրացման նշան չէ, քանի որ դա հեռուստաընկերությունների ընտրությունը չէր: Հեռուստաընկերությունները պարզապես ստացել էին դրական ցուցում՝ եթեր տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին, քանի որ իշխանությունները նման պարտավորություն էին ստանձնել միջազգային հանրության և հայաստանցիների առջև: Ճիշտ նույն կերպ այդ հեռուստաընկերությունները կարող են կատարել նաև հանրության շահերին հակասող, վնասակար ցուցումներ, ինչը բազմաթիվ նախադեպեր ունի:
«Այսօր չեն փակվում լրատվամիջոցներ: Հիմա ընթանում է լրատվամիջոցների կենտրոնացում: Հեռարձակողների լիցենզավորման պրոցեսը շարունակում է մնալ անարդար, և հիմնականում լիցենզիայի տեր են դառնում այն հեռուստաընկերությունները, որոնք հաճո են իշխանություններին: Եվ սա նույնպես շատ լուրջ մարտահրավեր է»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Այն, որ եթերազրկված «Ա1+»-ը 20 րոպե հեռուստաեթեր ստացավ «Արմնյուզ» հեռուստաալիքով, բանախոսը ամենևին չի համարում «Ա1+»-ի խնդրի լուծում:
Սոնա Ավագյան
http://hetq.am/arm/news/22842/arajatar-herustaynkerutyunnery-lusabanel-en-nakhagahi-41-hnaravor-teknatsui-gortsuneutyun.html