Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները 2012-ին նվազել են. Աշոտ Մելիքյան
Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները 2012-ին նվազել են, և ավելացել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը: Հաշվետու տարում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 4 դեպք է գրանցվել, նրանց հանդեպ ճնշումները գործադրելու՝ 37 դեպք և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման՝ 23 դեպք: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Խոսքի ազատության պահպանման կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Լրագրողները հաճախ արհամարհում են այդ դեպքերը, բայց, այնուամենայնիվ, մենք շատ ուշադիր ենք և տարբեր աղբյուրներից ենք հավաքում այս տվյալները»,- ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ 2011-ը աննախադեպ էր դատական հայցերի առումով. 36 դատական հայց է ներկայացվել լրագրողների և լրատվամիջոցների դեմ, իսկ 2012-ին՝ 16 դատական հայց: «Շատ գայթակղիչ է դարձել դատական ատյաններում հարցերը լուծելու տարբերակը, և մենք դա գնահատում ենք որպես ճնշման մի ձև»,- ասաց նա:
Բանախոսը անցած տարվա դեպքերից առանձնացրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հանդեպ կիրառված ֆիզիկական բռնության դեպքը (Ավանում խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների ժամանակ-Tert.am) և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին կալանավորելու դեպքը (Հայկ Գևորգյանին-Tert.am), ինչն արդեն ճնշում էր լրագրողական աշխատանքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2012-ի 3-րդ եռամսյակում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 16 դեպք էր գրանցվել, ինչը երեքով ավելի էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից: Դեպքերի ավելացումը Աշոտ Մելիքյանը պատճառաբանել էր նրանով, որ սեպտեմբեր ամսին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ բանախոսը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2008-ի ընտրությունների ժամանակ շատ էին խախտումները` ընդ որում ֆիզիկական բռնությունների քանակն էլ էր շատ: Վերջինիս խոսքով՝ տարեցտարի ֆիզիկական բռնությունների քանակը նվազում է, ավելանում են դատական հայցերը: