ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց վերադարձնելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2012 թ. դեկտեմբերի 13-ի որոշման վերաբերյալ։ Վերջինս մերժել էր ԽԱՊԿ-ի բողոքը՝ դատական առաջին ատյանի՝ նույն թվականի օգոստոսի 3-ին կայացրած վճռի այն մասին առնչությամբ, որով օրինաչափ էր համարվել պահանջված փաստաթղթերի պատճենները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ԽԱՊԿ-ին չտրամադրելը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ ստանալու հայցով դատական այս գործընթացը սկսվել է դեռեւս 2011 թ. ապրիլին, այն բանից հետո, երբ ՀՌԱՀ-ն, ԽԱՊԿ-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան, հայտնել էր, թե պատճենահանման ենթակա չեն գաղտնիք պարունակող փաստաթղթերը։ ԽԱՊԿ-ի հարցումը վերաբերում էր ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման թիվ 6, 12-14 եւ 16-25 մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները ստանալուն։ ՀՌԱՀ-ն դրանցում առկա վերահեռարձակման պայմանագրերը եւ ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV) համարում էր գաղտնիք պարունակող: Հետեւողական պայքարի արդյունքում ԽԱՊԿ-ին հաջողվեց ապացուցել, որ CV-ները չեն կարող համարվել անձնական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. ՀՀ վարչական դատարանի՝ 2012 թ. օգոստոսի 3-ի վճռով ԽԱՊԿ-ին վերջապես հնարավորություն ընձեռվեց ստանալու դրանց պատճենները (տե՛ս «CV-ների գաղտնազերծում՝ դատարանի միջոցով» հոդվածը)։ Բայց ահա վերահեռարձակում իրականացնելու՝ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերը համարվեցին գաղտնի։ ԽԱՊԿ-ն օգոստոսի 3-ի վճռի այս մասի վերաբերյալ բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վերջինս դեկտեմբերի 13-ին մերժեց ԽԱՊԿ-ի բողոքը։ 2013 թ. հունվարի 14-ին ԽԱՊԿ-ն բողոքարկեց նաեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի այդ որոշումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերադարձնելով ԽԱՊԿ-ի բողոքը, փաստորեն, համարեց, որ ՀՀ վարչական եւ վարչական վերաքննիչ դատարանների մերժման պատճառաբանությունները հիմնավոր են։ Մինչդեռ, ինչպես արդեն ներկայացրել ենք «Վերաքննիչը մերժեց ԽԱՊԿ-ին» հոդվածում, նշված ատյանների հիմնավորումները ամենեւին համոզիչ չեն։ ԽԱՊԿ-ն պնդում է, որ եթե ՀՌԱՀ-ի թիվ 23-Ն որոշմամբ (28 հունիսի, 2010 թ.) հաստատված կարգի համաձայն՝ հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթների մասնակիցների հայտերը եւ կից փաստաթղթերն արդեն իսկ հրապարակվել են հանձնաժողովի դռնբաց նիստում, ապա դրանք չեն կարող համարվել առեւտրային գաղտնիք պարունակող։ Փաստորեն, այդպես էլ չներկայացվեց որեւէ ապացույց, թե դրանք դռնբաց նիստում չեն հրապարակվել, այլ գաղտնի են ուսումնասիրվել։
Հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ դատական տարբեր ատյաններն իրենց որոշումներով խրախուսում են պետական մարմնի կամայականությունը՝ այս կամ այն փաստաթուղթը գաղտնի համարելու՝ առանց համոզիչ հիմնավորումների։
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ