Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը`Դիլիջան) կայացրել է մի վճիռ, ըստ որի՝ լրատվամիջոցի եւ լրագրողի դեմ ներկայացված հայցը մերժվել է, սակայն, չգիտես ինչու, նույն ակտով որոշված է, որ դատական ծախսերը, հօգուտ հայցվորի, պետք է բռնագանձվեն պատասխանող կողմից։
Դատական այս վեճը «Իջեւանի ՃՇՇ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի ու նույն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի միջեւ ծագել է դեռեւս 2011 թվականին։ Հայցվոր ընկերությունը վիճարկում է 2011 թ. հունիսի 21-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակված ռեպորտաժը՝ «Որտե՞ղ են քանդված սալաքարերը» վերնագրով։ Ըստ հայցվորի՝ տեսանյութում տեղ գտած մի շարք արտահայտություններ վիրավորական եւ զրպարտող են, մասնավորապես՝ «գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջեւանի ճանշին ձեռնարկություն», «քանդել ու սալահատակը ծածուկ վաճառել է» եւ այլն։ Հայցվորը պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել եւ վիրավորանքով ու զրպարտությամբ հասցված վնասը փոխհատուցել 3 264 000 դրամով` ներառյալ դատական ծախսերն ու պետական տուրքը։
2012 թ. ապրիլի 27-ին ընդհանուր իրավասության դատարանը հայցը մասնակի բավարարել էր։ Գործով պատշաճ պատասխանող էր ճանաչվել միայն Նաիրա Խաչիկյանը, ով պարտավորվել էր հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի վճարելու 50 000 դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 20 000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության եւ 1500 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ընդ որում, փոխհատուցման չափը որոշելիս, դատարանը հաշվի էր առել, որ նույն`«Լրաբեր» լրատվական ծրագրի` 2011 թ. հունիսի 27-ի թողարկման ընթացքում հայցվոր ընկերության տնօրենը եւ աշխատակիցները ներկայացրել են իրենց պատասխանը` վիճարկվող տեսանյութում առկա տեղեկությունների վերաբերյալ: 2012 թ. մայիսի 23-ին հայցվորն այս վճիռը բողոքարկել էր վերադաս ատյան: Հուլիսի 4-ին Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել էր` ընդհանուր իրավասության դատարանի` ապրիլի 27-ի վճիռն ամբողջությամբ բեկանելով, եւ գործն ուղարկելով նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից հետո նույն՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործի նոր քննությունը սկսվեց 2012 թ. սեպտեմբերի 26-ին, ավարտվեց 2013 թ. մարտի 11-ին։ Եվ ահա մարտի 22-ին դատարանը վճռեց, որ վիճարկվող տեսանյութում վիրավորանք առկա չէ, ուստի հայցը ենթակա է մերժման։ Բայց ահա այդ վճռի երկրորդ կետով դատարանը նշել է, որ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Նաիրա Խաչիկյանից համապարտության կարգով, հօգուտ հայցվորի, պետք է բռնագանձել 100 000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 40 000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Նախ հարց է ծագում. եթե այս դատական ակտի առաջին կետով դատարանը մերժել է ներողություն խնդրելուն եւ վիրավորանքի դիմաց փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին այս հայցը, հապա ինչո՞ւ է հաջորդ կետով սահմանել, որ դատական ծախսերը պետք է բռնագանձվեն պատասխանող կողմից։ Հարցի պատասխանը, վճռի եզրափակիչ մասում չտեսնելով, փորձում ենք գտնել վերլուծական մասում։ Այս հատվածում հանգամանորեն շարադրված է, որ զրպարտության ապացուցման բեռը կրող պատասխանողի կողմից չեն ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթներով պահանջվող ապացույցները, սակայն այդպես էլ չի հանդիպում հստակ պատասխան՝ ի վերջո, ռեպորտաժի հեղինակը զրպարտե՞լ է հայցվոր ընկերությանը, թե՞ ոչ։ Վճռի վերլուծական մասի ավարտին նախ կարդում ենք, թե ինչ հիմքով է մերժվում վիրավորանքին վերաբերող հայցապահանջը, այնուհետեւ ասված է, որ զրպարտության առկայության պարագայում 2 մլն դրամի փոխհատուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով միայն պատասխանողների գույքային դրությունը, ապա՝ (բառացի մեջբերում). «…Դատարանը գտնում է, որ պատասխանողներ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Նաիրա Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 100 000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից իր խախտված իրավունքների վերականգնման համար կատարած ողջամիտ ծախսեր՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաեւ 40 000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար» (ընդգծումները՝ հեղինակի)։
Ստացվում է, որ հայցը մերժվել է, բայց այնուամենայնիվ, հայցվորի իրավունքը խախտված է եղել, ինչի վերականգնման համար կատարվել են ողջամիտ ծախսեր, եւ դրանք պետք է փոխհատուցի պատասխանողը։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձերի միջեւ բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ