Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը ավելացել են. Աշոտ Մելիքյան
2013 թվականի առաջին եռամսյակում լրագրողների իրավունքների խախտման դեպքերը 2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կտրուկ աճել են: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան եւ ավելացրեց, որ դա արձանագրվել է նաեւ ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում:
Նրա խոսքով, դա պայմանավորված է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններով: Օրինակ, երկու ֆիզիկական բռնության դեպք նախագահական ընտրությունների օրն է եղել: Իսկ տարատեսակ ճնշումների թիվը 13 է: «Սակայն համեմատած 2008թ-ի հետ լրագրողների նկատմամբ բռնությունների եւ ճնշումների թիվը շատ փոքր է: Այնինչ` 2013թ. հունվար- մարտ ամիսներին ավելացել են նաեւ դատական հայցերն ընդդեմ լրագրողները: Երեք ամիսների ընթացքում վարույթ են ընդունվել 6 դատական գործ»,- ավելացրեց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ նվազել են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները՝ 5-ից հասնելով 3-ի:
Նա միաժամանակ համոզված է, որ վերը նշված դեպքերը շատ ավելի կլիներ, եթե լրագրողներն ավելի հետեւողական լինեին իրենց իրավունքների պաշտպանության հարցում: