Հայաստանում ավելացել են լրագրողների իրավունքների խախտման դեպքերը. ԽԱՊԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, այսօր ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2013 թ. առաջին եռամսյակային զեկույցը (հունվար-մարտ), հայտարարեց, որ նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ այս տարվ նույն ժամանակահատվածում ավելացել են լրագրողների իրավունքների խախտման դեպքերը։
«Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 2 դեպք, ճնշումները լրագրողների վրա 13–ն էին և 3՝ տեղեկություն ստանալուն և տարածելուն խոչընդոտելու դեպքերը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դեպքերի աճը պայմանավորված է փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններով։
Ըստ նրա՝ 13 ճնշումներից 3–ը նախագահական ընտրությունների քվեարկության ընտրությունների օրն են գրանցվել։ Առաջին եռամսյակում, ըստ նրա, կիրառվեց նաև Քրեական օրենսգրքի վաղուց չկիրառված 164 հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելանում են, և ցավոք սրտի, վերջին ընտրություններն այդ առումով բացառություն չէին։ Իհարկե, 2008–ի ընտրությունների հետ չենք կարող համեմատել, բայց դեպքեր եղել են»,– ասաց նա։
Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին եռամսյակն աչքի ընկավ նրանով, որ մի շարք դատական գործեր հարուցվեցին լրատվամիջոցների դեմ, և կարծես կրկնվում է հին պատմությունը, երբ փորձում են լրատվամիջոցին հասցնել ֆինանսական ծանր իրավիճակի։ Եղել են նաև լրատվամիջոցների կողմից ներկայացված հայցեր։