Աշոտ Մելիքյան. Անհրաժեշտ է հաղթահարել անպատժելիության մթնոլորտը Հայաստանում լրագրողների դեմ բռնության կապակցությամբ
Երբ քաղաքական իրավիճակը երկրում սրվում է, սրվում են նաեւ ճնշումները լրագրողների վրա: Այդ մասին ապրիլի 30-ին կայացած քննարկմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«2013թ. առաջին եռամսյակում որեւէ բռնություն կարծես չէր սպասվում, թեեւ նախագահական ընտրությունների օրը` փետրվարի 18-ին մեկ դեպք եղավ: Այսօրվա դրությամբ, Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ մենք արդեն արձանագրել են լրագրողների դեմ բռնության երկու դեպք»,- նկատել է Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը որոշ մարդիկ ցանկանում են իրենց ղեկավարներին ցույց տալ իրենց հավատարմությունը եւ լրագրողների նկատմամբ բռնությունների են դիմում: « Անհրաժեշտ է հաղթահարել անպատժելիության մթնոլորտը հայաստանում լրագրողների դեմ բռնության կապակցությամբ, ինչը նոր հանցանքներ է ծնում: Վեջին շրջանում ոստիկանությունն ինչ-ինչ քայլեր է ձեռնարկում, սակայն պետք է հետեւել նրանց գործողություններին` պարզելու, արդյոք ձեւական բնույթ չեն կրում»,- ասել է նա: