Հիմա օրենսդրական փոփոխությունները կարող են իրենց արդյունքը չտալ. իրավաբանը՝ լրատվամիջոցների հեղինակային իրավունքների մասին
Էլեկտրոնային լրատվամիջոցներում ծագած հեղինակային իրավունքների խնդիրը լուծելու ընդունելի եւ արդյունավետ միջոց կարող է դառնալ ինքնակարգավորումը, հիմա օրենսդրական փոփոխությունները կարող են իրենց արդյունքը չտալ։ Այս մասին այսօր՝հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը։
Նա նշեց, որ 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությունը ինքնակարգավորման դրական երեւույթ է, որը բարեխղճության կոչի միտում ունի։ «Չեմ կարծում, որ օրենսդրական նախաձեռնությունը կարող է լինել ավելի լավ լուծում, քան ինքնակարգավորումը։ Չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում, երբ ԱԺ-ն որոշի քննարկել նախագիծը, նոր մարտահրավերներ ի հայտ եկած լինեն, եւ հիպերհղումները արդեն դինոզավրի շրջանում լինեն»,- նշեց նա։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նշեց, որ տեխնոլոգիաները զարգանում են շատ ավելի սրընթաց, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս եւ դրանց պետք է ադեկվատ արձագանքել։ «Հասկանալի է մտահոգությունը, որը գոյություն ունի լրատվական համայնքում։ Օրենքը այն ժամանակվա համար էր ստեղծված, բայց էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքների խնդիրը միայն օրենքի խնդիր չէ, ավելի կարեւորում եմ լրագրողական համայնքի ներսում լուծումներ գտնելու մեխանիզմը։ Մենք ողջունում ենք ցանկացած այսպիսի նախաձեռնություն եւ պատրաստ ենք աջակցել»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրների հայտարարությունը հետեւանք էր այն բանի, որ լրագրությամբ սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալները, այժմ պետք է տարանջատել, թե ովքեր են լրատվամիջոցները եւ ովքեր՝ ոչ։ «Իրենց
լրատվամիջոց համարող կայքերը պարտավոր են հետեւել եւ կատարել օրենքի պահանջները, գործունեության նորմ սարքեն էթիկայի պահանջները։ Այն, ինչ հիմա կատարվում է, գրագողություն է, դրա համար պետք է պատժել մարդկանց։ Լրագրողական համայնքի այն մասը, որը անընդունելի է համարում, պետք է միավորվի, համախմբվի այդ երեւույթի դեմ»,- նշեց Աշոտ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածվել է հայտարարություն, որով տասնհինգ էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց
հետ համագործակցության հստակ կանոններ։