ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական վեճերը չեն դադարում զարմացնել՝ իրենց արտառոցությամբ։ Այս տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ի արձանագրած՝ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով 13 գործից 6-ի հայցվորը նույն անձն է՝ Կարինե Ավանեսյանը։ Վերջինս այս տարվա մարտի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով, խարդախության համար, դատապարտված է ազատազրկման։
Ներկայումս «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող, իսկ մինչ այդ 15-ից ավելի տարվա փաստաբանական գործունեություն ծավալած այս քաղաքացին
ապրիլի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումներ ներկայացրեց՝ ընդդեմ «Hetq.am» կայքի լրագրող Արարատ Դավթյանի եւ 5 լրատվամիջոցի։ Դրանք են՝ «Ա1+» հեռուստաընկերությունը (հիմնադիր՝ «Մելտեքս» ՍՊԸ), «Lragir.am» կայքը (հիմնադիր՝ «ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ), «Փաստինֆո» լրատվական գործակալությունը (հիմնադիր՝ «Սի-Էմ-Ջի» ՍՊԸ), «Iravaban.net» կայքը (հիմնադիր՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ), «golosarmenii.am» կայքը (հիմնադիր՝ «Голос» ՍՊԸ)։
Հայցվորը համարում է, որ նշված ԶԼՄ-ները հրապարակել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկություններ եւ պահանջում է հերքել դրանք, ինչպես նաեւ՝ վիրավորանքի ու զրպարտության համար վճարել դրամական փոխհատուցում՝ յուրաքանչյուր հայցով 3-ական մլն դրամի չափով։ Ընդ որում՝ «Փաստինֆո» լրատվական գործակալության դեմ ներկայացված է 3 հայց եւ որպես փոխհատուցում պահանջվող ընդհանուր գումարը միայն այս ԶԼՄ-ից 9 մլն դրամ է։ Այսպիսով՝ վերը նշված բոլոր գործերով պահանջվող դրամական փոխհատուցման գումարի չափը գերազանցում է 20 մլն դրամը։
Փաստաբան Կարինե Ավանեսյանի՝ ԶԼՄ-ների դեմ դատական վեճեր նախաձեռնելու այս փութաջանությունն իր արտառոցությամբ հիշեցնում է 2010 եւ 2011 թվականներին լրագրողական հանրության ուշադրությունը գրաված երկու այլ անձանց՝ որպես հայցվոր հանդես գալու գործելաոճը։ Մեկը Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն էր, ում ներկայացրած հայցադիմումներով 6 լրատվամիջոց գործերում ներգրավված էր որպես երրորդ անձ։ Մյուսը փաստաբան Արթուր Գրիգորյանն էր, ով հայց էր ներկայացրել ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի եւ պահանջում էր վերջինիցս հօգուտ իրեն բռնագանձել 18 մլն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքով եւ զրպարտությամբ իրեն պատճառված վնասի դիմաց։ Այս փաստաբանը վիրավորական եւ զրպարտող էր համարում թերթի էլեկտրոնային տարբերակում տեղադրված իր մասին մի հոդվածի ներքո ընթերցողների թողած 6 մեկնաբանությունները, դրանցից յուրաքանչյուրը, ըստ նրա, պարունակում էր թե՛ զրպարտություն, թե՛ վիրավորանք, եւ նա յուրաքանչյուր զրպարտության դիմաց պահանջում էր` 2 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր վիրավորանքի դիմաց՝ 1 մլն դրամ:
Կարինե Ավանեսյանը, 2013 թվականին հայցադիմումներ ներկայացնելով տարբեր ԶԼՄ-ների (մեկ դեպքում` լրագրողի) դեմ, վիճարկում է ոչ միայն այս տարի կայքերում տեղադրված այն հոդվածները, որոնցում ներկայացված են իր նկատմամբ քրգործ հարուցելու հանգամանքները եւ դատավարության ընթացքը, այլեւ 2011 եւ 2012 թվականներին հրապարակված այն նյութերը, որոնք վերաբերում են իր գործունեությանը՝ որպես փաստաբանի։ Տիկնոջ բոլոր հայցերը դատական վարույթ են ընդունվել, հասկանալի է, որ դատարանը կկայացնի համապատասխան վճիռ եւ կտա մեկնաբանություններ։ Սակայն տարօրինակ է, որ Կարինե Ավանեսյանը, լինելով փաստաբան, հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի պահպանման պահանջը, ըստ որի՝ «Իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»: Բացի այս, ինչպես ԽԱՊԿ-ին փոխանցեցին պատասխանողի կարգավիճակում հայտնված լրատվամիջոցների ներկայացուցիչները, զարմանալի է, որ վերը նշված գործերից չորսով որպես պատասխանող են ճանաչված ոչ թե լրատվամիջոցների հիմնադիրները՝ ինչպես պատշաճ է, այլ օրինակ՝ «Գոլոս Արմենի վէբ–կայք»-ը, «Լրագիր վէբ–կայք»-ը, «Փաստինֆո»-ն, «Հետք էլեկտրոնային թերթ»-ը։ Մինչդեռ փաստն այն է, որ այս ձեւակերպումներով իրավաբանական անձինք, պարզապես, գոյություն չունեն։
Բոլոր վեց գործով նախնական դատական նիստերը կայացել են հունիս-հուլիս ամիսներին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է դատավարական գործընթացներին։
Նկատի ունենալով, որ դատարանները վճիռներ կայացնելիս, այնուամենայնիվ, հաշվի են առնում ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 թ. նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մոտեցումները, ինչպես նաեւ՝ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած որոշումներով (թիվ ԵԿԴ/2293/02/10 եւ ԼԴ/0749/02/10 գործերով) կատարված կանոնակարգումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթների կիրառման առնչությամբ՝ հուսով ենք, որ այս գործերի հանգուցալուծումները նույնքան արտառոց չեն լինի, որքան հայցապահանջներն են։
Աննա Ալոյան
ԽԱՊԿ փորձագետ