Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։
Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքով՝ հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ եւ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել իրենց պայքարը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում որեւէ հեռուստաընկերության աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն իրավական նորմերը, այլեւ՝ հանրային կյանքի էթիկան։
Այս կապակցությամբ կոչ ենք անում շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից եւ լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական եւ քաղաքակիրթ մեթոդներ։ Գնահատելով այս շարժման կարեւորությունը՝ գտնում ենք, որ նման հրապարակային միջոցառումներին ցանկացած լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող նախաձեռնությանը։
Միեւնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ներին եւ մասնավորապես՝ հեռուստաընկերություններին պատշաճ եւ անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու այս եւ հանրային հնչողություն ու կարեւորություն ունեցող այլ իրադարձությունների լուսաբանմանը՝ ապահովելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (նախկինում՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ)
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ