Սեպտեմբերին հայաստանյան երկու դատական ատյան շատ ուշագրավ դատավճիռներ կայացրին։ Երկու դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) դատարանը մեղավոր ճանաչեց լրագրողներին սպառնացող անձանց եւ նշանակեց այդ հոդվածով նախատեսված պատիժ։
Այսպես՝ սեպտեմբերի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարի ժամկետով ազատազրկման եւ 300 000 դրամ տուգանքի դատապարտեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած ՌԴ քաղաքացի Ռուստամ Սահակյանին։ Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 164-րդ հոդվածի 1-ին մասով, այլեւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն):
Այս միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, ՀՀ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հատուկ պահպանվող տարածքում։ Ժամը 21-ի սահմաններում, երբ Գագիկ Շամշյանը լուսանկարելիս է եղել ճանապարհային պատահարների հետեւանքով տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները, Ռուստամ Սահակյանը եւ ինքնությունը չպարզված եւս մեկ անձ խոչընդոտել էին լրագրողի աշխատանքին՝ բռնություն գործադրելու սպառնալիք եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով: Լրագրողի վրա հարձակումը կանխել էին տարածքում գտնվող ոստիկանները, սակայն վերջիններիս միջամտության պայմաններում էլ Ռուստամ Սահակյանը շարունակել էր հայհոյել Գագիկ Շամշյանին եւ նրա ուղղությամբ նետել իր բջջային հեռախոսը։ Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առիթով։ Ավելի ուշ այս գործը հանձնվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։
Մյուս միջադեպը տեղի էր ունեցել Վարդենիսի տարածաշրջանի Խաչաղբյուր գյուղում։ Փետրվարի 5-ին գյուղի բնակիչ Հակոբ Ղազարյանը խափանել էր «Հայկական ժամ» մարզային թերթի լրագրող Հերմինե Մանուկյանի՝ նույն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանից (իր հորից) հարցազրույց վերցնելը, նրան լուսանկարելը, ինչպես նաեւ փորձել էր լրագրողի ձեռքից խլել լուսանկարչական սարքը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հիմքով այս գործը վարույթ էր ընդունել ապրիլի 22-ին։
Սեպտեմբերի 23-ին դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով Հակոբ Ղազարյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 200 000 դրամի չափով տուգանքի։
Մեր իրականությունում սրանք բացառիկ դեպքեր են, երբ լրագրողի աշխատանքին խոչընդոտողը դատական ակտով դատապարտվում է։ Հիշենք նաեւ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի ու օպերատոր Էդուարդ Պետրոսյանի եւ «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանություն» կրոնական կազմակերպության Սեւանի տեղական միավորի առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանի միջեւ 2010 թվականին տեղի ունեցած դեպքը, ինչի առիթով դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, պարտավորեցրել նրան վճարելու 200 000 դրամ տուգանք, բայց միաժամանակ՝ կիրառված համաներման ակտով վերջինս ազատվել էր տուգանք վճարելուց (տե՛ս ԽԱՊԿ 2012 թ. տարեկան զեկույցը www.khosq.am կայքի «Զեկույցներ» բաժնում):
Բազմաթիվ նմանատիպ այլ միջադեպեր են եղել, որոնք կամ չեն դարձել իրավապահ մարմինների քննության առարկա, կամ այդպիսին դառնալուց հետո հանգուցալուծվել են՝ ոչ երբեք ի շահ լրագրողի։
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ