Հայաստանում այդպես էլ չհաջողվեց ապահովել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախությունը
Հայաստանում այդպես էլ չհաջողվեց ապահովել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախությունը, այսօր «Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցի ներկայացման ժամանակ իր ելույթում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ բազմիցս թե ԵԱՀԿ-ն, թե Եվրոպայի խորհուրդը և այլ միջազգային կազմակերպություններ նշել են, որ այստեղ խնդիր կա: Մասնավորապես, Աշոտ Մելիքյանը մեջբերեց ԵԱՀԿ-ի գնահատականը, ըստ որի ՀՌԱՀ-ը կիսանախագահական և կիսախորհրդարանական լինելով՝ չպետք է սահամանափակվի, այդ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հասարակական կազակերպություններ, հանձնաժողովը պետք է արտահայտի հանրության շահերը: Սակայն, ըստ փորձագետի, ՀՌԱՀ-ն այսօր գործող իշխանությունների կամակատարն է ընդամենը, մրցույթների անցկացման գործընթացում կա անվստահություն: Աշոտ Մելիքյանը նշեց, որ դժվար թե Հայաստանում գտնվի այս ոլորտի մի մասնագետ, ով կասի, թե ՀՌԱՀ-ը կարողանում է արդար ու թափանցիկ մրցույթներ անցկացնել:
Նա անդրադարձավ հեռուստաընկերությունների կառավարման խնդիրներին՝ նշելով, որ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ հանրությունը հստակ չի իմանում, թե ովքեր են հեռուսատատեսությունների իրական սեփականատերերը: Թվայնացման գործընթացում սեփականության վերաձևակերպում տեղի ունեցավ, դրական միտումներ կային, օրինակ, Գեղարքունիքի մարզի երեք հեռուստաընկերություններ միասնական դիմեցին լիցենզիա ստանալու համար՝ հասկանալով, որ առանձին չեն կարող արդյունքի հասնել: Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ Երևանում այդ ժամանակ ստեղծվեց Պանարմենիան մեդիահոլդինգը, որում ընդգրկված են երեք հեռուսատաընկերություն, կայքեր ու ռադիո: Այն ժամանակ այս հոլդինգը դիմեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պարզելու՝ արդյոք մենաշնորհ չի դիտվում սա, բայց հանձնաժողովից ասացին՝ ոչ:
«Երևի այլ դեպքում այլ որոշում կայացվեր, եթե այդ հոլդինիգի հետևում կանգնած չլիներ ազդեցիկ պաշտոնյա: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հոլդինգի սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսան է»,- ասաց Աշոտ Մելիքյանը: