Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցապահանջով ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) նոյեմբերի 22-ին կայացված վճռով ոչ իրավաչափ ճանաչվեցին։
Մինչ այս՝ հունիսի 4-ին, ԽԱՊԿ-ը գրավոր հարցում էր ուղղել նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀՀ տարածքում հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման վերաբերյալ: ԽԱՊԿ-ին հետաքրքրում էր, թե նախարարության գնահատող հանձնաժողովի 2012 թ. նոյեմբերի 23-ին կայացրած այն որոշումից հետո, որով ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթը համարվել էր չկայացած, արդյո՞ք հայտարարվել է այդպիսի նոր մրցույթ։ Եթե այն հայտարարվել է, ապա ովքե՞ր են մասնակիցները, եւ ի՞նչ պայմաններ են սահմանված. եթե մրցույթ չի հայտարարվել, ապա ինչպիսի՞ սցենար է ընտրվել եւ հաստատվել`թվային հեռարձակման ցանցի կառուցման եւ կառավարման համար:
Օրենքով սահմանված ժամկետում ԽԱՊԿ-ը չստացավ պահանջվող տեղեկությունները եւ
հունիսի 27-ին հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջներով։ Հուլիսի 26-ի որոշմամբ դատարանը հայցը վարույթ ընդունեց։ Գործի լսումները սկսվեցին հոկտեմբերի 14-ին եւ ավարտվեցին նոյեմբերի 7-ին։
Հայցադիմումի պատճենը ստանալուց հետո միայն նախարարությունը ԽԱՊԿ-ին տրամադրեց պահանջվող տեղեկությունները, ուստի վերջինս դատավարության ընթացքում հրաժարվեց հայցապահանջի՝ տեղեկություններ տրամադրելու մասից։
Ի դեպ, որոշ պետական մարմինների համար, կարելի է ասել, յուրօրինակ գործելաոճ է դարձել տեղեկություններ ստանալու հարցմանը պատասխանել միայն այն բանից հետո, երբ հարցում ուղարկողը ստիպված է լինում դիմել դատարան, եւ այդ կառույցին է հասնում հայցապահանջի պատճենը։ 2011 թվականին այդպիսի աշխատելաոճ դրսեւորեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, երբ ԽԱՊԿ-ը խնդրել էր տեղեկություններ տրամադրել՝ նախարարությունում լրագրողների հավատարմագրման վերաբերյալ։ Այս դեպքում էլ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց պետական կառույցի գործողությունները (անգործությունը)։
Իսկ ԽԱՊԿ-ը շարունակելու է դատական հայցեր ներկայացնել բոլոր այն կառույցների դեմ, որոնք կխախտեն տեղեկություններ ստանալու իրավունքը։
Աննա ԱԼՈՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ