Մամուլի ազատության հարցում Հայաստանում, իսկապես, հետընթաց կա. Աշոտ Մելիքյան
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, մեկնաբանելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցը մամուլի ազատության մասին, որի համաձայն` Հայաստանը զբաղեցում է 78-րդ տեղը 180 երկրների շարքում, ասաց, որ հետընթաց, ակնհայտորեն կա:
«Առհասարակ, իրավիճակի այդ վատթարացումը, որն արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, կարծում եմ` համապատասխանում է իրականությանը, որովհետև մենք նույնպես երբ մեր տվյալներն ենք համեմատում` կապված ֆիզիկական բռնությունների ու ճնշումների հետ, ապա իրավիակի վատթարացումը ակնհայտ է դառնում: Միայն թվերը չեն, դրանք կոնկրետ նկարագրված դեպքեր են»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Ըստ զեկույցի` Ադրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով 160-րդն է: Իսկ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է:
«Բայց ես չէի համաձայնի այն գնահատականների հետ, թե Հայաստանն իր ցուցանիշներով ավելի ցածր դիրքում է, քան Վրաստանը,- ասաց Մելիքյանը` վկայակոչելով մեկ այլ միջազգային կառույցի` «Freedom House»-ի հրապարակած տվյալները: Նա նշեց, որ այս երկու կազմակերպությունների ներկայացրած զեկույցներում արդեն երկրորդ տարին է` ինչ տարբերություններ են արձանագրվում: Ակնհայտ է, որ «Freedom House»-ը Վրաստանում ավելի անկախ մամուլ է տեսնում, քան Հայաստանում: Այս առումով` Աշոտ Մելիքյանը հակված է ավելի հավաստի համարել «Freedom House»-ի տվյալները: Ես միշտ ասում եմ, որ ավելի լավ կլինի, որ այդ երկու կազմակերպությունների ներկայացուցիչները նստեն ու իրար հետ քննարկեն, թե ինչպես է ստացվում, որ հակասություններ են լինում այս երկու հարցերով»,- եզրափակեց նա:
http://araratnews.am/mamuli-azatuthyan-harcum-hayastanum-iskapes-hetehnthac-ka-ashot-melikhyan/