Շուտով հեռուստատեսությունը ոչ բոլորին հասանելի կլինի
2010թ. պետությունը գնում էր իր որոշումները հասարակությանը պարտադրելու ճանապարհով: Այսօր «Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը ՀՀ-ում» իրենց զեկույցի ներկայացմանը նշեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ քիչ ժամանակ է մնացել թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն՝ 2015թ. հուլիսի 1, սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենալու. «Դա վատ է, քանի որ մարդիկ պատրաստված չեն ու մասնակից չեն դառնում ու, ինչպես ասում են, իրենց գլխի գալիքները չգիտեն: Մինչդեռ, պետությունն իր հայեցակարգում ու այլ փաստաթղթերում նախատեսել էր, որ իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեին: Այս հարցում ՀՌԱՀ-ը ծայրահեղ պասիվ է»:
Կոմիտեի աշխատանքային խմբի անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությանն ու առաջարկվող փոփոխությունների ու լրացումների փաթեթին: Այն արդեն ներկայացվել է ԱԺ: Ըստ նրա՝ առաջարկվում է պարզ լիցենզավորման կարգը: Օրինակ՝ այսուհետ ցանկացած իրավաբանական անձ կարող է դիմել ու ստանալ ռադիոհեռուստաընկերության լիցենզավորում, իսկ ապա՝ ինքը կորոշի՝ ինչպես հեռարձակվի:
Առաջարկվող փոփոխություններով նշված է նաեւ մասնավոր մուլտիպլեքսների ստեղծման կարգը: Մինչ այժմ լուծված չէր նաեւ ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության հարցը: «ՀՌԱՀ-ի դեպքում Սահմանադրությամբ էինք կաշկանդված: Հանձնաժողովի անդամների 50 տոկոսին նշանակում է ՀՀ նախագահը, մյուս մասին՝ ԱԺ-ն: ՀՌԸԽ-ի դեպքում հնարավոր են որոշ փոփոխություններ: Խորհրդի աշխատանքներին պետք է իսկապես մասնակցի հանրությունը ՝որոշակի կառույցների միջոցով, եղած կազմը 5 անդամից դարձնել 7, կազմի ձեւավորմանը պետք է մասնակցի ինչպես ԱԺ խմբակցությունները եւ արհմիությունների կոնֆեդերացիան, այնպես էլ ՀԿ-ները, ՄԻՊ-ն ու ԳԱԱ-ն: Լիցենզավորման անցկացման կարգում եւս առաջարկվում են փոփոխություններ: Ներառված է նաեւ հանրային լսումների անցկացման գաղափարը»,- տեղեկացրեց Մեսրոպ Հարությունյանը:
ՀՌԱՀ նախկին նախագահ, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի որեւէ քաղաքացու չզրկեն տեղեկատվություն ստանալու հնարավորությունից. «Մեր ունեցած տեխնիկական ողջ հնարավորություններով դիտարկում ենք գտնել այլընտրանք մարզային տեղեկատվությունը մարզի բնակչությանը հասանելի դարձնելու համար»:
Ի դեպ, թվային հեռարձակման անցնելու համար յուրաքանչյուր սպառող իր հեռուստացույցի համար պետք է ձեռք բերի կամ 25 դոլար արժողությամբ կցորդ կամ թվային հեռուստացույց: Պարոն Ամալյանը վստահեցրեց, որ այդ կցորդ սարքերը կհասնեն բոլորին: Պետությունը 100 հազար սարք ձեռք բերելու համար նախատեսել է 2,5 մլն դրամ, որոնք կտրամադրվեն անապահովներին: Մինչդեռ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա 130 հազար անապահով ընտանիք: