ՀՀ-ն հեռարձակման ոլորտի թվայնացումը պետք է ավարտի մինչ 2015թ. հուլիսը
Այսօր Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված՝ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացին վերաբերող զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում նշվում է, որ թեև տեխնիկական աշխատանքները ընդունված ժամանակացույցով են ընթանում, բավարար ջանքեր չեն գործադրվել բարձրացնելու հեռարձակման թվայնացման վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը և որ անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգը հստակ չէ:
Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչև 2015թ. հուլիս ամիսը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր խոսքում նշեց, թե այս զեկույցում կան մի շարք առաջարկներ, որոնք պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն: Բացի այդ մշակվել և խորհրդարան են ներկայացվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծ՝ ուղղված զեկույցում նշված խնդիրների լուծմանը: