“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” հրապարակել է 2014 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների, խոսքի ազատության վիճակի մասին զեկույցը:
Դրա համաձայն, վերջին եռամսյակում, ինչպես նախորդ երկուսում, արձանագրվել են իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, տարաբնույթ ճնշումներ: Տագնապեցնող է հատկապես դատական ատյանների հետեւողականությունը՝ պարտավորեցնել լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, որն, ըստ Աշոտ Մելիքյանի, թաքնված գրաքննություն է:
Հուլիսից սեպտեմբեր ամիսներին 6-ով ավելացել են լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով դատական հայցերը:
Զեկույցում նշվում է այս ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ բռնությունների՝ 8, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման՝ 1 դեպք:
Աշոտ Մելիքյանը նշել է, որ զեկույցն ամբողջությամբ չի ներկայացնում իրականությունը, որովհետեւ շատ լրագրողների չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ խախտումների մասին. շատերը չեն վստահում իրավապահ համակարգին: Կոմիտեի նախագահը համեմատում է 2013-ի առաջին 9 ամիսների եւ 2014-ի նույն ժամանակահատվածում գրանցված խախտումների թիվը:
“Ֆիզիկական բռնությունների քանակը հավասար է՝ 7-ական. բռնություններից չեն հրաժարվում մադրիկ: Ճնշումների քանակը 2013 թվականի 9 ամսում 49 է, 2014-ի 9 ամսում 37-ը: Տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումը 2013-ին 8 էր, 2014-ին՝ 11”,- ասաց նա։