«Հերթական խայտառակ որոշումը Հատուկ քննչական ծառայության կողմից, ինչո՞ւ հերթական, քանի որ սկզբում ՀՔԾ-ն, առհասարկ չէր ցանկանում քրեական գործ հարուցել, սակայն դատախազության միջամտությունից հետո, անուամենայնիվ, հարուցեց, բայց նաև կարճեց»,- NewsBook-ի հետ զրույցում նման որակավորում տվեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով օրերս Հատուկ քննչական ծառայության` «Ա1+» լրատվամիջոցի լրագրող Մարինե Խաչատրյանի՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործի մերժմանը:
«Ի՞նչ է նշանակում` բացակայում է հանցակազմը, նրանց որոշումը ցինիկ է և ոչ օբյեկտիվ: Քանի որ անգամ առանց հետաքննության, համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, թե ինչպես է խոչընդոտվել լրագրողի մասնագիտական գործունեությունը»,-շարունակեց Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի դարպասների մոտ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ, պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ Ipad-ը, այս հանգամանքը փաստող տեսագրություն էլ կա:
Իսկ Մարինե Խաչատրյանի փաստաբան Օլգա Սաֆարյանը մեզ հետ զրույցում, թեև, չցանկացավ խոսել մերժման հիմքերի օբյեկտիվության մասին, սակայն ասաց, որ անպայման վճիռը բողոքարկվելու է:
«Միանշանակ բողոքարկելու են վերադաս դատախազին` նույն հոդվածով` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչըտնդոտելու համար»,- նշեց Օլգա Սաֆարյանը:
Սակայն գործը բողոքելուն չհասավ, այս գործին արդեն 2-րդ անգամ միջամտեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Քանի որ իսկզբանե ՀՔԾ-ն գործն, անգամ, վարույթ չընդունեց, բայց նրանց պատճառաբանությունները Դատախազության մոտ չանցան, և hոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրեց «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։
Դատախազության և ՀՔԾ-ի պայքարը շարունակվում է, այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չեղյալ համարեց նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցի` ՀՔԾ-ի, որոշումը: Այսօր ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազությունն էլ անօրինական համարեց, որ այսքան ժամանակ դեռևս «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանը գործով ոչ թե տուժող էր, այլ վկա: Այժմ հանձնարարված վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»:
Որքան էլ ՀՔԾ-ն իր կողմից բազմիցս կարճված գործերով պնդի, որ մարդուն մեկ անգամ հարվածելը բռնություն չէ և հանցակազմ չի պարունակում, օրենքն ու մասնագետներն այլ բան են ասում:
Նշենք նաև, որ «Ա1+» հեռուստաընկերության տնօրենը բազմիցս ասել, է որ այս գործը կհասնի մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Մասնագետները գտնում են, որ եթե լրագրողի մասնագիտական գործունեությունը խոըչնդոտելու դեպքերը չպատժվեն, նման դեպքերը շարունակական են լինելու` անպատժելիության մթնոլորտի պատճառով: