Մեկնարկին մնացել է ընդամենը վեց ամիս, սակայն մարդիկ չգիտեն՝ ինչպես պետք է օգտվեն նոր տեխնոլոգիաներից:
Միջազգային հեռահաղորդակցության միության` 2006թ. հաստատված համաձայնագրի համաձայն, Հայաստանը 2015թ. հուլիսից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից կանցնի թվային տարբերակի:
Թվային հեռարձակմանն անցնելուն մնացել է ընդամենը վեց ամիս, սակայն փորձագետների կարծիքով՝ բնակչությունն ընդհանրապես տեղեկացված չէ հեռարձակման թվայնացման մասին: «Մարդիկ չգիտեն՝ նոր պայմաններում ինչպես պետք է օգտվեն նոր տեխնոլոգիաներից: Եթե հարցում անցկացնենք, նույնիսկ Երևանում տեղյակ չեն՝ ինչ է տեղի ունենալու 2015թ. հուլիսի 1-ից: Հանրային իրազեկվածության մակարդակն այս առումով շատ ցածր է: Բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված քայլեր դեռևս մի քանի տարի առաջ պետք է իրականացվեին»,- Armef News-ի թղթակցի հետ զրույցին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ բազմաթիվ հարցեր ու խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Հենց այդ հարցերը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար երեկ` դեկտեմբերի 16-ին կազմակերպվել էր «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում ԽԱՊԿ նախագահն անդրադարձավ հեռարձակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա բազմաթիվ բացերին:
Թվայնացման գործընթացի օրենսդրական բացերը
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում բացակայում են մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման գործընթացի մասին իրավական դրույթները: Կա ընդամենը մեկ դրույթ, որ 2015թ. հուլիսի 1-ից հետո կարող է ստեղծվել մասնավոր մուլտիպլեքս, բայց ով պետք է լիցենզավորի, ինչ կարգով պետք է մուտք գործի այդ սուբյեկտը հեռարձակման շուկա՝ նշված չէ: Նման խոցելի ու անկատար մասերն օրենքում բազմաթիվ են: Իրավական դաշտ չստեղծելով` հնարավոր չէ թվայնացման գործընթացն իրականացնել»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա՝ 2010-ից մինչև հիմա գործող օրենքը գրեթե չի փոխվել, եթե փոփոխություն էլ եղել է, ապա միայն առևտրային բնույթի, իսկ հին խնդիրները, մասնավորապես` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության, Հանրային հեռուստաընկերության խորհրդի ձևավորման առումով, շարունակում են մնալ չլուծված:
Խոսքի ազատության կոմիտեն, Մամուլի ազգային ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել են օրինագիծ, որում տեղ են գտել բարձրացված հարցերի լուծումները: Օրինագծի առանցքն արտոնագրման պարզ համակարգին անցումն է: Օրինագծում առանձին գլուխ է հատկացվել մուլտիպլեքսներին, որով նախատեսվում է մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա, ձևավորման կարգը, լիցենզավորման պայմանները:
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև թվային հեռարձակման՝ անապահով խավին հասանելիությանը: Աշոտ Մելիքյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե պետությունը քանի անապահով ընտանիքի է պատրաստ տրամադրել ապակոդավորող սարքեր՝ թվային ազդանշանն ընդունելու համար: «Կառավարության որոշման մեջ նշված է, որ 100 հազար անապահով ընտանիքի է հատկացվելու, սակայն մեր հարցմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ մայիսի 1-ի դրությամբ` Հայաստանում գրանցված է 130 հազար անապահով ընտանիք, իսկ թվայնացման հայեցակարգում գրված է 150 հազար անապահով ընտանիքների է նախատեսվում տրամադրել դեկոդեր: Այսինքն` տարբեր են թվերը»:
Քննարկմանը ներկա ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Պետրոսյանը նշեց, որ 2010թ. անապահով ընտանիքների թիվն այլ էր, այժմ այլ է: «Սոցիալական ծրագիրը, դեկոդերների հատկացման կարգը դեռևս հստակեցման փուլում է, հնարավորինս սեղմ ժամկետներում կհստակեցվեն հարցերը ու կներկայացվեն հանրային քննարկման»,- նշեց Սուրեն Պետրոսյանը:
Թվային հեռարձակման մարտահրավերները փոխվել են
Թվայնացման գործընթացը հայաստանում սկսվել է 2010-ից: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ այս չորս տարվա ընթացքում թվային հեռարձակմանն անցումը այնքան ձգձգվեց, որ հեռարձակման մարտահրավերները ևս փոխվեցին: Նրա խոսքով՝ այս ընթացքում Երևանում ու մարզային մի քանի քաղաքում հայտնվել է IP-TV հասկացություն («Յուքոմ», «Ռոստելեկոմ»):
«Ինչ է նշանակում թվային հեռարձակում. դա գրեթե նույնն է, ինչ սպառողը ստանում է իր տանը` «Յուքոմ» ցանցի միջոցով, այսինքն` պատկերն ավելի որակյալ է, որոշակի ժամանակահատված ձայնագրվում է, ու սպառողը կարող է «ետ պտտել» իր նախընտրած հաղորդումն ու նայել: Այսինքն` այն, ինչ «Յուքոմը» մատուցում է իր բաժանորդներին, կդառնա բոլորին հասանելի»,- Armef News-ի թղթակցի հետ զրույցին նշեց Գեղամ Վարդանյանը: Բայց թե ընդհանուրի դեպքում ինչպես պետք է մարդիկ այդ ազդանշանը որսան, Գեղամ վարդանյանի խոսքով` դեռ պարզ չէ: «Մոտ երկու-երեք շաբաթ է՝ Երևանում փորձնական հեռարձակման ազդանշան կա, ու ես շատ քչերին գիտեմ, որ կարողանում են իրենց տան հեռուստացույցով որսալ ազդանշանը: Օրինակ` մեր տան հեռուստացույցը 2011թ. արտադրության է, ունի թվային հեռարձակում որսալու հնարավորություն, բայց այդ ստանդարտը չի որսում: Այսինքն` ես կա´մ պետք է հեռուստացույցը փոխեմ, կա´մ դեկոդեր սարքը գնեմ»:
Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ բավական երկար ժամանակ կանցնի, մինչև շուկան կարգավորվի: «Ես ենթադրում եմ` մինչև հուլիս արդեն սարքեր կհայտնվեն շուկայում, մարդիկ կսկսեն գնել դրանք, սարքերի գները տարբեր կլինեն, ինչ-որ ժամանակ կանցնի, նոր միայն մարդիկ կմտնեն շուկայի մեջ ու կհասկանան, թե որ սարքն է ավելի լավ … կկարգավորվի»: Նրա խոսքով` եթե այժմ յուրաքանչյուր ալիք առանձին ենք որսում, թվային հեռարձակման դեպքում լինելու է մուլտիպլեքս, այսինքն` կորսանք մի ալիք, որի մեջ ներառված կլինեն բոլոր ալիքները:
Վերոնշյալ օրինագծով նախատեսված` մասնավոր մուլտիպլեքսների գոյության թույլտվությունը «հատկապես մարզային հեռուստատեսությունների համար է: Նրանք հնարավորություն կունենան ստանալ պարզ լիցենզավորման հնարավորություն, այսինքն` ստանալ թվային հեռարձակման լիցենզիա այն պայմանով, որ իրենք իրենց համար կարողանան մուլտիպլեքս ձևավորել: Այդկերպ կկարողանան իրենց քաղաքի տարածքում թվային հեռարձակում իրականացնել: Մարզային հեռուստաընկերությունները կա´մ պետք է անցնեն այդպիսի հեռարձակման, կա´մ համացանցային հեռարձակման, կա´մ պետք է փակվեն: Այլընտրանք չունեն»:
Մենք դռները չենք փակելու
2010-ին հայտարարված մրցույթին «Լոռի» հեռուստաընկերությունը չի մասնակցել: «Հաղթողը կանխորոշված էր: Որոշումն էլ քաղաքական էր,- Armef News-ի թղթակցի հետ զրույցին ասաց հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը,- չմասնակցել դեռևս չի նշանակում, թե 20-ամյա մեր վաստակից պատրաստ ենք հրաժարվել: Մեր հեռուստաընկերությունը 20 տարեկան է, կենսունակ ու գործող է, չենք պատրաստվում այն փակել»: Տնօրենի խոսքով՝ իրենք փորձել են ուսումնասիրել տարբեր երկրների փորձը, հասկանալ՝ իրականում ինչ է հնարավոր անել:
«Ինտերնետ հեռարձակումը պետք է բացառենք: Մարզային հեռուստաընկերության դեպքում այդ մասին խոսելն ուղղակի աննպատակահարմար է: Ճիշտ է` մարզերում կա Ինտերնետ, բայց մարդիկ այն օգտագործում են ոչ թե տեղեկատվություն ստանալու, այլ որպես ժամանցի միջոց: Օրինակ` հիմնականում օգտվում են Odnoklassniki ցանցից»: Նարինե Ավետիսյանի համար մասնավոր մուլտիպլեքսի գաղափարը ևս լուծում չէ: «Մասնավոր մուլտիպլեքս ներդրողը չգիտենք ով կլինի: Դա լինելու է նրա մասնավոր սեփականությունը: Այս դեպքում ինչ տարբերություն՝ խաղի կանոններ թելադրողը պետությունն է, թե մեկ ուրիշը: Շատ հնարավոր է՝ ավելի դաժան պայմաններ թելադրի: Ընտրությունները ոչ մի երաշխիք չունեն, որ եթե պայմանագիր կնքեն մասնավոր մուլտիպլեքս ներդրողի հետ, վաղը նա չի թելադրի իր կամքը՝ սպառնալով, թե չես կատարում` ես քեզ կհեռացնեմ իմ փաթեթից, իմ ցանցից»:
Սրանք Լոռու հեռուստաընկերության տնօրենի վատ կանխատեսումներն են: Գուցե ամեն բան փոխվի, երբ ընդունվի լրագրողական կազմակերպությունների մշակած օրինագիծը: Իսկ եթե չընդունվի… «Պայքարելու ենք, համենայնդեպս դռները չենք փակելու և 30 աշխատողի չենք ասելու` ցտեսություն»,- ասաց Նարինե Ավետիսյանը:
http://armef.com/news/category/country/article/article_1418840496