2014 թվականը բավական լարված էր լրագրողների ու լրատվամիջոցների համար, չնայած նրան, որ ընտրությունների ժամանակահատված չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանն ամփոփեցին տարվա ընթացքում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:
«Սովորաբար ընտրությունների ժամանակ է, որ բարդանում է իրավիճակը և բարդանում են լրատվամիջոցների գործունեության պայմանները: Եթե բաժանենք, թե ինչ տիպի խախտումներ են եղել լրատվամիջոցների նկատմամբ, ապա պետք է ասել, որ 9 ամիսների ընթացքում ֆիզիկական բռնության 7 դեպք է արձանագրվել, նույնքան դեպք արձանագրվել էր լարված 2013 թվականին: Տարբեր տեսակի ճնշումների 37 դեպք է արձանագրվել 2014 թվականին, նախորդ տարվա ընթացքում եղել է 49 դեպք, ինֆորմացիայի ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 11 են եղել, իսկ 2013-ին՝ 8 դեպք»,-հայտարարեց Աշոտ Մելիքյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, մի քանի տարիների առաջվա համեմատ խախտումների քանակը պակասել է, սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև, թե մթնոլորտն ինչպիսինն է եղել. այս տարի ընտրություններ չկային, դեպքերի նվազումը նաև դրանով է բացատրվում:
«Խոսքի ազատության նկատմամբ հարգանքը պատշաճ մակարդակի վրա չի: Լրագրողները պաշտպանված չեն օրենքով, կամ եթե պաշտպանված են, դա կիրառական մակարդակում չի երևում»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ որպես օրինակ մատնանշելով ֆիզիկական բռնությունների դեպքերը, մասնավորապես՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը:
«Մտահոգիչն այն է, որ ակնհայտ խոչընդոտումը հնարավոր չէ մեր իրավապահ մարմիններում այնպիսի որակում տալ և գործն այնպես տանել, որպեսզի մեղավորները պատասխանատվություն կրեն, սա բարդ է: Այս ամենն էլ ավելի է բարդացնում այն մթնոլորտը, որում աշխատում են լրագրողները»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանն էլ իր հերթին ասաց, թե լրագրողների գործունեության խոչընդոտման և բռնության դեպքերի հետ կապված նյութերն ուսումնասիրվել են, և ըստ վիճակագրական տվյալների՝ ճնշող մեծամասնությամբ այդ քրեական գործերի հարուցումը կամ մերժվել է, կամ որևէ հիմքով արդեն հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
«Վիճակագրությունը ցույց է տալիս և որոշակիորեն հիմնավորում է այն հանրային անվստահությունը, որ առկա է լրագրողների գործունեության խոչընդոտման և բռնության դեպքերով գործերի քննության նկատմամբ: Այս տարի ևս տեղի ունեցած բռնության և գործունեության խոչընդոտման դեպքերը ևս մեկ անգամ ցավալիորեն ցույց տվեցին, որ դեռևս շոշափելի արդյունքներ և ընթացք չեն ստանում համապատասխան գործերը»,-հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալը՝ նշելով, թե լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումների,մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մանրամասն վիճակագրական տվյալներ կարող են ներկայացնել եկող տարվա մարտ ամսին: