Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հունվարի 30-ին հրապարակեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ իրավունքների խախտումների մասին 2014 թվականի տարեկան զեկույցը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ կոմիտեն 2014 թվականը գնահատում է, որպես լարված ժամանակահատված լրատվամիջոցների գործունեությունների համար. «Բավական է հիշել, թե ինչ սահմանափակումներ էին փորձում կիրառել իշխանությունների տարբեր ստորաբաժանումները, մասնավորապես՝ մենք ականատես եղանք, թե ինչպես ԱԺ-ում «ֆեյքերի մասին» օրինագիծն առաջադրվեց, եւ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրեցին, դա շատ մտահոգիչ էր»:
Պարոն Մելիքյանը նկատեց, որ կոմիտեն արձանագրել է լրագրողների իրավունքների խախտումներ՝ չնայած այն հանգամանքին, որ 2014 թվականը հարաբերականորեն հանգիստ տարի էր՝ չկային ընտրություններ, հասարակական-քաղաքական մթնոլորտն այնքան լարված չէր, ինչքան նախորդ տարի:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2014 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք, ԶԼՄ եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշման 43 դեպք, տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք: Նա հավելեց, որ համեմատած 2013 թվականի հետ ֆիզիկական բռնությունների դեպքերը մեկով քիչ են, ճնշումները՝ 14-ով քիչ, իսկ տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները` 3-ով շատ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների մասնակցությամբ դատական գործերը շատացել են: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ 2010 թվականին զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացվել է, փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածում, եւ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է 1087.1 կետով, որը կարգավորում է զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված փոխհատուցման կարգը. «Դրանից հետո մենք արձանագրել ենք դատական գործերի աճ, որովհետեւ այն գործերը, որտեղ ներգրավված են լրատվամիջոցները հիմնականում զրպարտության եւ վիրավորանքի հայցերով հարուցված գործեր են: Այդ օրենսդրական փոփոխություններից հետո մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, Հայաստանի տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 114 հայց՝ զրպարտության եւ վիրավորանքի հիմքով՝ 2010 թվականին` 17 գործ, 2011 թվականին՝ 37 , 2012 թվականին`17, 2013 թվականին` 26 եւ 2014 թվականին` 17 գործ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ