Մամուլի փորձագետները թշնամանքի դրսեւորումներ են նկատում առաջին երեք իշխանությունների եւ չորրորդ իշխանության միջեւ. «Չինովնիկների, քաղաքական գործիչների կողմից քաղաքական կուլտուրայի բացակայություն է։ Այդ մարդիկ, եթե չեն կարողանում շփվել լրագրողների հետ, ուրեմն նրանց համար շատ շուտ է զբաղվել քաղաքականությամբ»,-ասում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Լրագրողների նկատմամբ, որպես թշնամանքի արտահայտության օրինակ է ներկայացվում պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հետ զրույցը, որի ընթացքում վիրավորելով լրագրողներին՝անբարոյական է անվանում։ Ըստ լրագրող Վասակ Դարբինյանի՝ թեպետ նա ներողություն խնդրեց «Ազատության» լրագրողից, բայց անբարոյականի պիտակը կպած մնաց մյուս լրագրողներին։
Այսօր խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփում էր 2014-ը: Չնայած լրագրողների հանդեպ բռնությունների մի շարք դեպքերին, այս տարվա զեկույցում ներկայացված խախտումներն ամենասարսափելին չէին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Վասակ Դարբինյանը նշում է. «Եթե մենք այսքան խախտումներ ենք արձանագրել, ուրեմն էլի լավ է: Տարին փակել ենք առանց կորուստների»:
2014-ին կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 փաստ, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք. «Ես շատ կուզեի, որ իշխանությունները հերքեին դրանցից մեկը»,-հավելեց Աշոտ Մելիքյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ ֆիզիկական բռնության ենթարկվող լրագրողը հակված չէ իր իրավունքները պաշտպանել դատական կարգով. անիմաստ են համարում:
Ի դեպ, այսօր ՄԱԿ-ի օրացույցում նշվում է սոցիալական մեդիայի օրը:
Սոցիալական մեդիան այսօր ավանդական մեդիան սնող կարեւոր աղբյուրն է, իսկ երբ լրագրողը այդ տեղեկատվությունը հրապարկում է առանց մանրակրկիտ ստուգելու, շատ հաճախ հայտնվում է պատմության մեջ։
Ավելացնենք, որ այսօրվա քննարկման ավարտին, մասնակիցեներից ոմանք առաջարկեցին կազմակերպել ֆլեշմոբ՝ անվանելով այն «Լրագրողը ոստիկանության գործակալը չէ»։