Մի քանի տարի է՝ Հայաստանը նախապատրաստվում է թվային հեռարձակման: Այսօր արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ ժամանակն է, որ թվայնացման անցման միջոցառումներին սկսեն միանալ նաեւ հեռուստադիտողները: Հայաստանի 18 հեռուստաընկերություններ դեռ անցած տարի սկսել են իրենց ծրագրերը փորձնական հեռարձակել նաեւ թվային եղանակով: Հեռարձակման այս եղանակին մեր երկիրը պաշտոնապես կանցնի միայն 2015 թվականի հուլիսին: Մասնագետները վստահեցնում են՝ թվային հեռարձակման հնարավորություններն անալոգայինի համեմատ 6 անգամ ավելի արդյունավետ են:
Գագիկ Ղարագյոզյանը հեռուստացույցը գնել է մի քանի ամիս առաջ, թանկ է վճարել, բայց վստահ է՝ սարքն առավելություններ շատ ունի:
Խոսքի ազատություն պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է՝ նման խնդրի առջեւ չկանգնելու համար հեռուստացույց գնելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, արտադրության տարեթվին, այլեւ մեկ այլ կարեւոր հանգամանքի: «Եթե հեռուստացույց եք գնել, ապա այն անպայման պետք է ունենա DVBT 2 ստանդարտը»,- պարզաբանում է Աշոտ Մելիքյանը:
Եթե հեռուստացույցը չունի այդ ստանդարտը, թվային հեռարձակումը ստանալու համար պետք է գնել եւ տեղադրել թվային ընդունիչ կամ փոխարկիչ: Փոխարկիչ սարքավորումների վաճառքը մեր հանրապետությունում արդեն ամիսներ առաջ է սկսվել: Վաճառքի են հանվել տարբեր գների թվային փոխարկիչներ:
«Կարող է լինել ութ հազար, 9 հազար, մինչեւ 7 հազար դրամանոց ընդունիչ: Ամեն ինչ կախված է հնարավորություններից»,- ասում է ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը:
Էլեկտրատեխնիկայի այս խանութում թվային ընդունիչների տեսականին այնքան էլ մեծ չէ: Վաճառում են միայն 15 հազար դրամանոց փոխարկիչներ:
«Դեռ նոր ենք սկսել վաճառել, կարծում եմ աստիճանաբար մեծ թափ կառնի»,- ասում է վաճառող Արսեն Հարությունյանը:
Մեր այցելած մեկ այլ խանութում տեսականին հարուստ էր: Այստեղ արդեն մի ամիս է՝ վաճառվում են 14-ից մինչեւ 24 հազար դրամանոց փոխարկիչներ: Ըստ վաճառողներրի, փոխարկչի գինը պայմանավորված է նրա հնարավորություններով, բայց ավելի շատ սպառվում են ամենաէժան փոխարկիչները:
Մայրաքաղաքի տարբեր խանութներում նկարահանումների ժամանակ մեր նկարահանող խումբն այդպես էլ չտեսավ խոստացված 7 կամ 8 հազար դրամանոց փոխարկիչը: