14 մարզային հեռուստաընկերություններ թվայնացման արդյունքում կկանգնեն փակման եզրին։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ լուծված չէ նաև սոցիալապես անապահով խավի հարցը, որպեսզի վերջիններս կարողանան անվճար ապակոդավորող սարքեր ստանալ:
«Թվայնացման գործընթացը երեք բաղադրիչ ունի` տեխնիկական, օրենսդրական և սոցիալական: Տեխնիկական գործընթացը բավականին հաջող է ընթանում, բայց կան այլ խնդիրներ, որոնք հրատապ են և մնում են չլուծված: Գործող հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը անհրաժեշտ իրավական դաշտ չի ստեղծում եթերի թվայնացման համար և այդ պատճառով այսօր 14 մարզային հեռուստաընկերություններ կանգնած են փակման եզրին: Այսօր լուծված չէ անապահով խավին անվճար ապակոդավորող սարքերի տրամադրման հարցը: Ըստ թվայնացման հայեցակարգի` 150.000 անապահով ընտանիք անվճար պետք է ստանային այդ ապակոդավորող սարքերը, որոնց գինն սկսվում է 8000 դրամից: Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր նամակին պատասխանել է, որ 130.000 անապահով ընտանիք է գրանցված անվճար ապակոդավորող սարքեր ստանալու համար: Այսինքն այս թվերը նույնպես հարկավոր է հստակեցնել, որով դեռևս ոչ մի պետական մարմին չի զբաղվում»,-ասաց Մելիքյանը:
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի կարծիքով՝ մարզային հեուստաընկերություններն իրենք են մեղավոր փակման վտանգի առջեւ հայտնվելու համար։
«Հեռուստաընկերությունները պետք է շուտ մտածեին և բարձրաձայներին այդ հարցը: Օրենքը որևէ խոչընդոտ չէր ներկայացնում, որ նրանք գային, բանակցեին. մենք այս հարցի վերաբերյալ առաջարկներ չենք ստացել ոչ մի մարզային հեռուստաընկերության կողմից ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր »,-ասաց Արմեն Մկրտչյանը:
Այնուամենայնիվ, ՀՌԱՀ անդամը չբացառեց, որ հուլիսին նախատեսված թվայնացման գործընթացը մինչև հետաձգվի մինչեւ 2016թ., իսկ մարզային հեռուստաընկերությունների համար՝ նույնիսկ մինչև 2017թ.։
«Հիմնական պատճառը, որի հետևանքով կարող է գործընթացը հետաձգվել` սոցիալական խնդիրն է: Չի լինի մեկ ընտանիք, որ թվայնացման պատճառով զրկված լինի տեղեկատվություն ստանալու իրավունքից: Պետության կողմից անալոգային եթերն ամբողջովին չի փակվելու, քանի դեռ սոցիալապես բոլոր անապահով ընտանիքները չեն ստացել ապակոդավորող սարք»,-ասաց Մկրտչյանը: