Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան հեռուստաալիքների թվայնացման թեմային՝ նշելով, թե այն նախատեսված է ավարտել 2015 թվականի հուլիսի 1-ին։ Սակայն բանախոսները չբացառեցին, որ գործընթացը կարող է նաև հետաձգվել:
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, թե թվայնացումը վերաբերում է ոչ միայն հեռուստաալիքներին, այլ թվայնացվում է ամբողջ եթերը: Ըստ նրա՝ մինչ հուլիս ամիսն ամեն ինչ կկարգավորվի, և օրենքով նախատեսված կարգով հանրապետության ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի:
Արձագանքելով դիտարկմանը, թե թվայնացման հետևանքով մարզային հեռուստաընկերություններից շատերը կկանգնեն փակման հարցի առջև, Արմեն Մկրտչյանն ասաց, որ ցավում է, որ հարցը շատ ուշ է բարձրացվում նույն մարզային հեռուստաընկերությունների կողմից:
«Օրենքը որևէ խոչընդոտ չէր ներկայացնում, որ նրանք գային, բանակցեին, մինչդեռ առաջարկներ չենք ստացել ոչ մի մարզային հեռուստաընկերության կողմից ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»,-ասաց ՀՌԱՀ անդամը:
Աշոտ Մելիքյանն էլ իր հերթին ասաց, որ թվայնացման գործընթացը երեք բաղադրիչ ունի`տեխնիկական, օրենսդրական և սոցիալական:
«Առ այսօր որևէ ռեալ քայլ չի արվել, բացի լրագրողների, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա կենտրոնի համատեղ պատրաստած օրենսդրական փաթեթից, որը ներկայացվել է Ազգային ժողով: Թվով 14 հեռուստաընկերություն թվայնացման ընթացքում կկանգնեն փակման եզրին, լուծված չէ նաև սոցիալապես անապահով խավի հարցը, որպեսզի վերջիններս կարողանան անվճար ստանալ ապակոդավորող սարք»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա ասաց նաև, թե անցած տարվա նոյեմբերից թվային հեռարձակումը պաշտոնապես արդեն իրականացվում է, և շատ անապահով ընտանիքներ չեն կարողանում օգտվել դրանցից:
«Քաղաքակիրթ երկրներում այդ գործընթացը պետությունն է կարգավորում: Սովորաբար տենդեր է հայտարարվում: Հայաստանում պետությունը որևէ տենդեր չհայտարարեց, և ձեռներեցներն առնում՝ բերում են այդ ապակոդավորող սարքերը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Երկու բանախոսներն էլ չբացառեցին, որ գործընթացը մինչև 2016 թվականը կհետաձգվի, իսկ մարզային հեռուստաընկերությունների համար՝ նույնիսկ մինչև 2017 թվականը:
«Ամենահիմնական պատճառը, որի համար կարող է գործընթացը հետաձգվել` սոցիալական խնդիրն է,-ասաց Արմեն Մկրտչյանը, -չի լինի մեկ ընտանիք, որ թվայնացման պատճառով զրկված լինի տեղեկատվություն ստանալու իրավունքից: Պետության կողմից անալոգային եթերն ամբողջովին չի փակվելու, քանի դեռ սոցիալապես անապահով ընտանիքները բոլորը չեն ստացել ապակոդավորող սարք»:
Ապակոդավորող սարքերի արժեքը, ըստ բանախոսների, սկսում է 8.000 ՀՀ դրամից։