NewsBook-ն արդեն իսկ հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցի տվյալները: Նշենք, որ 180 պետությունների մեջ Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը, իսկ տարածաշրջանում մեզանից առաջ է Վրաստանը: Վերջիններիս զեկույցը և ցուցանիշները` Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ, չզարմացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին: Նա գնահատականը համարեց օբյեկտիվ:
«Կարծում եմ` գնահատականները համապատասխանում են իրականությանը և այն, որ վերջին 2 տարում իրավիճակը չի փոխվել, դա էլ է իրականությանը համապատասխանող: Մենք էլ մեր զեկույցում նշել ենք, որ այս տարի համեմատաբար նվազել են բռնությունները, սակայն տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացել է: Պետք է հաշվի առնել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գնահատականներ տալիս է` հաշվի առնելով օրնեսդրական դաշտը, տնտեսական ու քաղաքական իրավիճակը և այս առումով որևէ բարեփոխում չի եղել»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Հետաքրքրական է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը մամուլի ազատության տեսանկյունից քառակի անգամ հետընթաց է գրանցել: Մեր այն դիտարկմանը, որ անդամակցելով ԵՏՄ ընտանիքին` հնարավո՞ր է, որ այս ոլորտում մեր ցուցանիշները նույնպես նվազեն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը պատասխանեց, որ ինքն էլ նման մտավախություն ունի:
«Առհասարակ դժվար է կանխատեսում անել, սակայն անհերքելի է, որ մեծ հաշվով ՀՀ-ում իրավիճակն ավելի լավ է, քան ԵՏՄ անդամ պետություններում: Հնարավոր է, որ այն բարքերը, որոնք տիրում են ԵՏՄ անդամ պետություններում` մամուլի ազատության ոլորոտում, տեղափոխվեն նաև Հայաստան»,- շարունակեց Մելիքյանը` շեշտելով, որ այս գործում իր հույսը լրագրողական հանրույթի համախմբումն է, քանի որ լրատվամիջոցները նույնպես պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, և եթե վտանգավոր միտում նկատվի, ապա պետք է անմիջապես արձագանքել:
Աշոտ Մելիքյանը խորհուրդ տվեց իշխանություններին, որ չբավարարվեն ցուցանիշներով և համեմատվեն ԵՏՄ անդամ պետությունների կամ մեր տարածաշրջանի պետությունների հետ, քանզի արդյունքի հասնելու համար պետք է քո եղածը համադրես այս ոլորտում առաջատարների հետ, օրինակ` Մերձբալթյան երկների: