Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները բռնություն են կիրառել եւ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի եւ Ռոբերտ Անանյանի աշխատանքը։ Վերջիններս այստեղ էին եկել՝ «System of a Down» ռոք խմբի անդամներին նկարելու։
Երբ լրագրողները նկատել եւ փորձել են տեսանկարահանել նաև «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած մի խումբ հայտնի անձանց (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյան, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան), հյուրանոցի անվտանգության աշխատակիցները մոտեցել են եւ պահանջել դադարեցնել նկարահանումները՝ բերելով անհեթեթ պատճառաբանություններ:
Լրագրողները բացատրել են, որ սրճարանում գտնվող անձինք հանրային դեմքեր են, և օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել։ Սրան ի պատասխան՝ անվտանգության աշխատակիցներից մեկը երկու անգամ հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին, իսկ մյուսը՝ նկատելով, որ «Ա1+»-ի թղթակից Ռոբերտ Անանյանը նկարահանում է «Ազատության» իր գործընկերոջ վրա հարձակված անձին, պահանջել է անջատել տեսախցիկն ու հարվածել է լրագրողի ձեռքին։
Լրագրողները դիմել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ հորդորելով կարգուկանոն հաստատել, սակայն վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ստիպված ենք մեկ անգամ եւս արձանագրել, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառողները, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ անպատժելիության մթնոլորտը նոր հանցագործություններ է ծնում։ Այսպես, անցած տարի արձանագրված 9 այդպիսի միջադեպերից եւ ոչ մեկի մեղավորը չբացահայտվեց եւ չպատժվեց։ Այս պայմաններում առնվազն զավեշտալի է, երբ ՀՀ իշխանությունները փորձում են համոզել մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ մեզանում ԶԼՄ-ները եւ լրագրողներն ազատ ու անկաշկանդ են գործում։
Ցավալի է, որ այսպիսի միջադեպ տեղի է ունենում հենց այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը։
Արտահայտելով մեր վրդովմունքը ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, մենք պահանջում ենք.
– ՀՀ դատախազությունից՝ ընդունել սույն հայտարարությունն ու ԶԼՄ-ների հրապարակումները որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատշաճ վերահսկողություն սահմանել այս գործի վերաբերյալ,
– ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառած եւ նրանց գործունեությունը խոչընդոտած անձանց եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել,
– «Մարիոթ» ընկերության տնօրինությունից՝ խստորեն պատժել հյուրանոցի անվտանգության այն աշխատակիցներին, ովքեր, չարաշահելով իրենց լիազորությունները, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել, եւ միջոցներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերը բացառելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ