Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը հրատապ է հատկապես այն առումով, որ անցած տարվա ընթացքում լրատվամիջոցներին ուղղված մարտահրավեր եղավ ՀՀ դատախազության հայտարարությունը, որի համաձայն` առանց թույլտվության իրավական գաղտնիք հրապարակելու դեպքում լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է պատասխանատվության ենթարկվել: Դրա արդյունքում մի բացասական գործընթաց առաջացավ լրատվամիջոցների շրջանում: Այս մասին «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. Օրենսդրություն և պրակտիկա» հրավիրված կլոր սեղանի բացման խոսքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, «կլոր սեղանի» մոդերատոր Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, երբ լրագրողները նման ճնշումների են ենթարկվում, ապա մեծ դժվարություն է առաջացնում հատկապես հետաքննական լրագրության ոլորտում:
«Լրագրողը իրականացնում է իրավունքի պաշտպանություն: Լրագրողն ինքնին իրավապաշտպան է: Նա իրականացնում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքն, իսկ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն»,- ասաց Իրավունքի գերակայության իրավապաշտպան ՀԿ Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով` մեր սահմանադրական և եվրոպական միջազգային չափանիշները թույլ են տալիս բացահայտել աղբյուրը միայն մարդկային կյանքի պաշտպանության, դեռևս չիրականացած հանցագործությունը կանխելու համար, և եթե դա անհրաժեշտ է` ծանր հանցանքի մեջ մեղադրվող մարդուն պաշտպանելու համար:
«Խոսքի ազատության բաղադրատար տարրին միջամտության թույլատրելի սահմանները չափազանց խիստ են: Իրավական միջամտությունը կարելի է, եթե անգամ օրենքը սահմանում է նման միջամտություն, ապա պետք է ստուգել երկրորդ չափանիշի առկայությունը` արդյո՞ք միջամտության օրենքով նախատեսված նպատակն արդարացված է»,- ասաց Արտակ Զեյնալյանն` ընդգծելով, որ տեղի չի կարելի է տալ իրավապահ մարմիններին տեղեկատվության բացահայտման հարցում:
«Գնացեք, կատարեք ձեր դատական ակտը, քանի որ դուք ոչ միայն այդ իրավունքի կրողն եք, այլև ձեզնից յուրաքանչյուրը, խախտելով այդ իրավունքը, խախտում է նաև մեր բոլորիս օբյեկտիվ իրավունքի մի մասը»,- նշեց Զեյնալյանը՝ իր խոսքն ուղղելով իրավապահ մարմիններին:
«Աղբյուրի բացահայտումը բացասական է ոչ միայն տվյալ աղբյուրի ինքնության բացահայտման, այլև թերթի կամ այլ լրատվամիջոցի հեղինակության վտանգման առումով»,- նկատեց նա՝ հավելելով, որ լրագրողների և լրատվամիջոցների դիմադրության ճակատները չափանզանց պասիվ են:
«Լրագրողները, լրատվամիջոցները պետք է հստակ իմանան իրենց իրավունքները և պետք է կարողանան պաշտպանել այն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Անդրադառանլով «ilur.am» և «Հրապարակ» օրաթերթերի դեպքերին, որոնց համաձայն` իրավապահ մարմինների կողմից պահանջվել էր բացահայտել աղբյուրները, Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատրաստվում են այդ հարցով դիմել մի շարք միջազգային կառույցների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ճակատ է պետք կառուցել, ընդդիմանալ և տեղեկատվության աղբյուրը բացահայտելու հարցում իրավապահ մարմիններին ոչ մի տեղեկատվություն չտալ: Իրավապահ մարմիններին պետք է սովորեցնել, որ իրենք իրավասու չեն լրատվամիջոցներից պահանջել աղբյուրի մասին տեղեկատվությունը»,- նկատեց Աշոտ Մելիքյանը՝ եզրափակելով, որ քննարկմանը հրավիրել էր նաև ՀՀ դատախազության, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներին, սակայն նրանցից և ոչ ոք ներկա չէր քննարկմանը: