Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 28-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան» «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով։
Մասնակցեցին լրագրողներ, մեդիափորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ կոմիտեն սկսում է «կլոր սեղանների» շարք, որոնց ընթացքում լրագրողական շրջանակներում կքննարկվեն մի շարք կարևոր խնդիրներ և կառաջարկվեն դրանց լուծումներ։
«Առաջին «կլոր սեղանի» թեման հրատապ է հատկապես այն առումով, որ 2014-ին անսպասելիորեն առաջացավ մարտահրավեր. ՀՀ դատախազության կայքում տեղադրվեց հաղորդագրություն առ այն, որ նախաքննությանը վերաբերող տեղեկություններ առանց թույլտվության հրապարակելու համար լրագրողը, լրատվամիջոցը պատասխանատվության է ենթարկվելու, ինչից հետո իրավապահ մարմինները սկսեցին հաճախակի անօրինական պահանջներ ներկայացնել ԶԼՄ-ներին՝ տարբեր հանցագործություններին վերաբերող հրապարակումների տեղեկատվության աղբյուրները բացահայտելու վերաբերյալ։ Ընդ որում` դատական ատյաններն էլ ամեն ինչ արեցին այդ պահանջներին օրինական ուժ տալու համար»,- նշեց Աշոտ Մելիքյանը։
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը խոսեց Հայաստանում տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածության, օրենսդրական երաշխիքների եւ դրանց խախտման վտանգավոր նախադեպերի մասին: Նա, մասնավորապես, անդրադարձավ մի դատական գործի, երբ պարտադրվեց «Հրապարակ» օրաթերթին եւ «iLur.am» կայքին՝ բացահայտել քրեական թեմայով հրապարակման տեղեկատվության աղբյուրը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ դատական ատյանները, ըստ էության, անտեսեցին «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որով սահմանվում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»։
Իրավապաշտպանը նշեց, որ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանը, ուստի իր հորդորն է լրագրողներին՝ երբեք տեղի չտալ իրավապահ մարմինների պահանջներին։
«Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն այն աղբյուրի վրա, որի ինքնությունը կարող է պարզվել, այլև լրատվամիջոցի, քանի որ վերջինիս հեղինակությունը կարող է սասանվել հավանական աղբյուրների աչքում։ Աղբյուրը չբացահայտելը ոչ միայն լրագրողի իրավունքն է, այլ նաեւ պարտականությունը: Լրագրողներն իրենց համառությամբ իրավապահ մարմիններին պետք է սովորեցնեն, որ նրանք իրավասու չեն նման պահանջ ներկայացնել իրենց»,- եզրափակեց Զեյնալյանը։