«Freedom House» ամերիկյան կազմակերպությունն օրերս հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը, որտեղ Հայաստանը 1 միավորով բարելավել է իր դիրքը՝ անցյալ տարվա համեմատ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մամուլի ազատության միջազգային օրվան ընդառաջ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն անդրադարձավ Հայաստանում մամուլի ազատությանը:
Նա նշեց, որ «Freedom House»-ի տվյալներով՝ 0-30-ը ազատ մամուլի միավորներն են, 30-60 կիսաազատ, իսկ 60-100՝ ոչ ազատ: Հայաստանն այս տարի ունի 61 միավոր և մեր երկրի լրատվամիջոցներն առայժմ շարունակում են մնալ «ոչ ազատ» կարգավիճակում, ինչին ինքը նույնպես համաձայն է. «Մեծ հաշվով ոչինչ չի փոխվել նախորդ տարվա համեմատ: Նույն օրենսդրական դաշտում որևէ պրոգրեսիվ օրենք չի ընդունվել, անգամ ռեգրեսիվ օրենքներ են փորձել ընդունել»:
Մելիքյանը նշեց, որ անցյալ տարի գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 9, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում՝ 3 դեպք. «Շատ վատ միտում է այն, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել մինչև վերջ և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նմանատիպ վերջին և շատ տխուր դեպքը ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անվտանգության աշխատակիցների լկտիությունն էր, երբ նրանք տեսնելով, որ «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+»-ի թղթակիցները նկարահանում են հասարակության մեջ հայտնի մի խումբ անձանց, ասում են, որ այդտեղ նկարահանումներն արգելված են՝ այն պարագայում, երբ այդ ամենը տեղի էր ունենում բացօթյա սրճարանում՝ հանրության համար մատչելի վայրում: Նրանք ֆիզիկական ֆռնություն կիրառեցին այդ երկու լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ»,-ասաց նա՝ շեշտելով, որ ԽԱՊԿ-ն, գործընկեր կազմակերպությունների հետ հայտարարությամբ է հանդես եկել և հորդորել դատախազությանն ընդունել այդ հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին և իրենք ակնկալում են համապատասխան արձագանք և՛ իրավապահ մարմինների, և՛ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ղեկավարության կողմից: Մելիքյանը նշեց, որ թե՛ լրագրողական հանրությունը և թե՛ իշխանություններն ունեն անելիքներ, որի դեպքում նաև միջազգային կազմակերպությունների գնահատականները կբարելավվեն:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների մասին օրենքում հստակ գրված է, որ գրաքննությունն արգելվում է, բայց Հայաստանում գոյություն ունի թաքնված գրաքննություն:
Նրա խոսքով՝ հիմա ամեն տեղից վեր կացողը հարկ է համարում լրագրողին խորհուրդ կամ ուղղություն ցույց տալ, չնայած՝ լրագրողական հանրության ներսում կան շատ լուրջ խնդիրներ՝ կապված էթիկայի, պրոֆեսիոնալ վարքագծի, նույնիսկ դաստիարակության առումով:
«Հայաստանում քննադատության հանդեպ ոչ հանդուրժող վերաբերմունքը խանգարում է լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը, քանի որ հաճախ քննադատությունը ընկալվում է որպես անձնական վիրավորանք»,-եզրափակեց բանախոսը: