Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մամուլի ազատության վերաբերյալ Freedom Hous-ի գնահատականների հետ ընդհանուր առմամբ համաձայն է:
«Հայաստանն իր 61 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների ցանկում: Եթե մենք համեմատենք նախորդ տարվա հետ, մեծ հաշվով ոչինչ չի բարելավվել: Եթե օրենսդրական դաշտում մի շարք փոփոխություններ իրականացվեն, կարելի է ակնկալել, որ եկող տարի կներգրավվենք ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերին անդրադառնալով, Աշոտ Մելիքյանն ասաց, թե նախորդ տարվա ընթացքում բռնության 9 դեպք եղավ, սակայն ոչ ոք դրա համար պատասխանատվության չենթարկվեց:
«Միտում է նկատվում, որ լրագրողի հանդեպ բռնություն կիրառողը մնում է անպատիժ, իսկ դա ծնում է նոր հանցագործություններ: Այս հարցում լրագրողական հանրությունը շատ անելիքներ ունի»,- նկատեց բանախոսը:
Նրա խոսքով՝ Հայաստանում քննադատության հանդեպ ոչ հանդուրժողականության վերաբերմունքը խանգարում է լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը, քանի որ հաճախ քննադատությունը որպես անձնական վիրավորանք են ընդունում:
«Յուրաքանչյուր տեղից վեր կացող փորձում է լրագրողներին ուղղություն ցույց տալ, թե ինչպես կարելի է աշխատել: Իհարկե, լրագրողական հանրության ներսում շատ լուրջ խնդիրներ կան կապված էթիկայի հետ, բայց առավել հաճախ են դեպքերը, երբ լրագրողները խնդիրների են հանդիպում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը:
http://www.tert.am/am/news/2015/05/01/ashot-meliqyan/1662840