«2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու 19 դեպք, որից միայն 13-ը տեղի է ունեցել հունիսի 23-ին առավոտյան Բաղրամյան պողոտայում: Մինչդեռ 2008-ի ողջ ընթացքում լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը 18-ն են եղել»,-«Լրագրողների իրավունքների խախտումները Հայաստանում. լրագրողական հանրության և պետության արձագանքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Սա աննախադեպ երևույթ էր, և Հայաստանի իշխանությունները չպետք է զարմանան, որ միջազգային կազմակերպությունները հետընթաց արձանագրեն մամուլի ազատության հարցում», -նկատեց Մելիքյանը:
Նրա խոսքով, ցանկալի է, որ լրագրողները իրենց նկատմամբ կիրառված գործողությունների, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի բացահայտման կապակցությամբ հետևողական լինեն ու միասնական:
Իսկ որպես միասնական պայքարի ձև, քննարկմանը ներկա իրավաբան Արա Ղազարյանը խորհուրդ տվեց լրագրողներին դիմել Մարդու իրավունքների կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե, «որն ավելի ազդեցիկ է քաղաքական առումով, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:
http://www.panorama.am/am/law/2015/06/26/advice-to-journalists/