Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների իրավունքների և պաշտպանության թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց, որ հունիսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ, ինչն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանական կողմից անցած տարվա օգոստոսյան դիվերսիոն հարձակումները:
Այդ համատեքստում նա շատ տարօրինակ համարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահից լսել (նկատի ունի Արմեն Աշոտյանի հայտարարությունը – Tert.am.), որ հպարտ էր ոստիկանության գործողություներով և որ չարթնացավ արյունոտ Հայաստանում: «Ինքը մի գեղեցկ օր կարող է դատարկ Երևանում արթնանալ»,-ասաց նա:
Աշոտ Մելիքյանը նկատեց, որ ամեն դեպքում ինչ- որ բան տեղի ունեցավ և ոստիկանությունը, իշխող կուսակցությունը մեղմեցին իրենց վերաբերմունքը: «Ես համարում եմ, որ պետության, ազգային անվտանգության առումով այն գործողությունները, որոնք տեղի ունեցան հունիսի 23-ին, ավելի վտանգավոր են, քան անցած տարվա օգոստոսին դիվերսիոն գործողությունները»,-ասաց նա։
Աշոտ Մելիքյանն իր այդ գնահատականը բացատրեց նրանով, որ սահմանին երիտասարդներն իրենց հայրենասիրությամբ պաշտպանում են երկիրը, իսկ երկրի ներսում չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, բիրտ ուժով ճնշվում են, ինչը հուսալքության հիմք կարող է հանդիսանալ:
Ինչ վերաբերում է լրագրողների գործունեությանը՝, որպես ակտիվիստ, Աշոտ Մելիքյանը նշեց, որ երբ լրագրողը ակտիվիստ է դառնում, նա դադարում է լինել լրագրող, և իր ընտրությունն է՝ լինել լրագրող և կատարել մասնագիտական աշխատանք, թե լինել ակտիվիստ։
Անդրադառնալով տարբերանշանի անհրաժեշտությանը, որով լրագրողին կարող են իրավապահները ճանաչել, Աշոտ Մելիքյանը մտավախություն հայտնեց, որ արդեն հունիսի 23-ից հետո տարբերանշանը կարող է ոչ թե պաշտպանել լրագրողին, այլ ճիշտ հակառակը՝ թիրախավորել:
http://www.tert.am/am/news/2015/06/26/ashot-meilqyan2/1718638