«Հունիսի 23-ի վայրագություններն այն դեպքերն էին է, որոնց ժամանակ առհասարակ ոչ մի խտրականություն չէր դրվում` լրագրողն ընդդիմադիր է, թե ոչ: Այս ջարդը կազմակերպել էին երևի այն մարդիկ, ովքեր միջնադարյան մտածելակերպով կարծում էին, որ 21-րդ դարում կարելի է կոծկել ինչ-որ ինֆորմացիա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ բանախոսի՝ այս պարագայում, շատ զավեշտալի են հնչում իշխանությունների այն պնդումները, թե Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է:
Ա. Մելիքյանը գտնում է, որ հարգանքը լրատվամիջոցների նկատմամբ նվազել է, ինչը չի կարող աչքի չընկնել միջազգային կազմակերպությունների կողմից: Նրա խոսքով` այն տպավորությունն է, որ հայաստանյան քաղաքական գործիչները նախքան քաղաքականությամբ զբաղվելը լրագրող են եղել և հասել են մասնագիտական բարձունքների և իրենց իրավունք են վերապահում ուղղություն ցույց տալ լրատավամիջոցին կամ լրագրողին. «Գոնե վերջին տարիներին չի եղել դեպք, երբ պետական պաշտոնյան, ով խոչընդոտել է լրագրողի կամ լրատվամիջոցի իրավունքը, պատասխանատվության ենթարկվեր և հիմա էլ, մենք որևէ երաշխիք չունենք, որ հունիսի 23-ի վերաբերյալ հարուցված քրեական գործը որևէ լուրջ հետևանքների կբերի»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը` եզրափակելով, որ լրագրողներն այս ամենը պետք է ավելի ակտիվորեն լուսաբանեն, որովհետև սա այն խնդիրն է, որին կարող է բախվել յուրաքանչյուր լրագրող: