Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց ԽԱՊԿ 2015թ. առաջին կիսամյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
Նա հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր: Նա ասաց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է, և գերազանցում է նույնիսկ 2008 թվականի ցուցանիշը, երբ տուժել է 18 լրագրող՝ ներառյալ «Մարտի 1-ի» դեպքերը:
Մասնավորապես 2015 թվականի հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայի դեպքերի վերաբերյալ՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այդ օրը ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից և ևս 10 լրագրող ու օպերատոր բախվել է այլ անօրինական խոչընդոտումներին:
Ըստ նրա՝ այնպիսի տպավորություն էր, որ հրաման էր եղել մինիմումի հասցնել տեղեկատվական արտահոսքը: «Այդ անհետացած կադրերը լրագրողների համար շատ ցավալի են, առհասարակ որևէ խտրականություն չէր դրվում, եթե առաջ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին տուժում, ապա այդ օրը ոչ մի խտրականություն չդրվեց»,- ասաց նա:
Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ն արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 34 միջադեպ և տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ: Այսպիսով այս տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է գրանցվել, որը 7- ով ավելի է, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերը: «Հարգանքը՝ խոսքի ազատության և լրատվամիջոցների հանդեպ, պակասել է, ինչը չի կարող չհանգեցնել միջազգային հանրության բացասական գնահատականների»,- ասաց նա և նշեց, որ իրավիճակի վատթարացում է տեղի ունեցել:
http://www.tert.am/am/news/2015/07/31/ashot-meliqyan/1751806