Արա Ղազարյանի կարծիքով՝ եթե շատ դատական ակտեր լինեին, ապա ոլորտը կզարգանար
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:
Կլոր սեղանի ընթացքում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում: Ըստ նրա՝ եթե շատ դատական ակտեր լինեին, ապա ոլորտը կզարգանար. «Շոու բիզնեսը, որովհետեւ շոու բիզնես է, նրանք գաղափարի մարտիկ, կներեք, հանկարծ չվիրավորվեն, բայց իրենց մոտ անունը շոու բիզնես է, այսինքն՝ ամեն ինչ շոուի մասին է, այսինքն՝ իրենք դժվար թե գաղափարի մարտիկներ լինեն, առավել եւս հանրային շահ եւ այլն: Դրա համար շոու բիզնեսի վրա հույս դնել չի կարելի մեկ-երկու փորձ եղել է, բայց երեւի վերեւներից ասել են: Բայց արդյոք կա՞ լրագրողների մեջ այդ երեւույթը, որ հանուն լրագրողական սոլիդարության լրագրողը մյուսին դատի չի տա»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ իրականում նման երեւույթ կա. «Կան լրատվամիջոցներ եւ նաեւ խմբագրեր, որոնք որ համարում են, որ այս ոլորտում, երբ լրատվամիջոցը լրատվամիջոցի դեմ է դուրս գալիս, դա անառողջ երեւույթ է: Բայց մյուս կողմից էլ, եթե մենք իսկապես ուզում ենք որակյալ լրատվամիջոցը եւ որակյալ լրագրությունը զատենք այդ լրագրությունը խեղաթյուրողներից, ապա իհարկե՛, այս առումով շատ կարեւոր է դիմել, եթե իհարկե՛, լրագրողական շրջանակի ներսում այդ հարցը հնարավոր չէ լուծել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ