Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 28-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում`«Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, կարեւորելով թեմայի հրատապությունը, նշեց, որ նոր մեդիայի զարգացմանը զուգահեռ ԶԼՄ-ներում աննախադեպ չափերի է հասել գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումները։
Զեկույցով հանդես եկավ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը։ Նախ՝ նա անդրադարձավ «գրագողություն» և «հեղինակային իրավունքի խախտում» հասկացություններին` ընդգծելով, որ հաճախ մեզանում դրանք չեն տարբերում միմյանցից: «Եթե ես Թումանյանի «Անուշ» պոեմը հրապարակում եմ իմ անունով, դա գրագողություն է: Հեղինակային իրավունքի խախտում է, եթե գրվում է ստեղծագործողի անունը, սակայն գործը հրապարակվում է առանց հեղինակի կամ նրա իրավահաջորդի թույլտվության», – նշեց Մեսրոպ Հարությունյանը:
Փորձագետի խոսքով`գրագողությունն ու հեղինակային իրավունքի խախտումները մարտահրավեր են դարձել հատկապես համացանցի, նոր մեդիայի զարգացման պայմաններում: Լրատվական դաշտում ձեւավորվել է անբարեխիղճ՝ «քոփիփեյսթային» գործելաոճ. բազմաթիվ են այն դեպքերը, երբ լրագրողներն ու ԶԼՄ-ները դիմում են գրագողության կամ չպահպանելով հեղինակային իրավունքը՝ օգտագործում այլ լրատվամիջոցների նյութերը:
Մեսրոպ Հարությունյանը հիշեցրեց, որ խնդրով մտահոգված մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ տարիներ առաջ դիմել են ինքնակարգավորման քայլի` պատրաստելով համաձայնագիր: Նրանց առաջարկներով կատարվել են նաեւ փոփոխություններ եւ լրացումներ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում։ Լրատվամիջոցների անբարեխիղճ գործունեության դեմ պայքարելու համար ֆեյսբուքում գործում է «Հանուն բարեխիղճ լրագրության» անվանումով խումբը, որտեղ լրագրողները տեղադրում են այլ լրատվամիջոցներում առանց պատշաճ հղման արտատպված իրենց հոդվածները եւ դիմում գործընկերներին՝ հորդորելով վերացնել հեղինակային իրավունքի խախտումը։ Հաջողություններ երբեմն լինում են, երբեմն՝ ոչ։ «Սա ինքնակարգավորման լավ եղանակ է, բայց բավական չէ՝ հարցը լուծելու համար, քանի որ հետեւել ու գտնել համացանցում copy-paste արված բոլոր նյութերը՝ հնարավոր չէ»։
Ի դեպ, փորձագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թեեւ գրագողության, հեղինակային իրավունքի խախտումների մասին լրագրողներն անընդհատ բարձրաձայնում են, բայց իրենց խախտված իրավունքը չեն ցանկանում վերականգնել դատարանի միջոցով։ Մինչեւ հիմա ընդամենը դատական երեք նախադեպ է եղել։ Ընդ որում՝ երեքից երկուսի դեպքում հայցով դատարան է դիմել միեւնույն լրատվամիջոցի՝ «Հետք» կայքի հիմնադիրը։
Իրավաբան Արա Ղազարյանը հենց դատական պրակտիկայի պակասով պայմանավորեց հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտի թույլ զարգացած լինելը։ Նրա կարծիքով՝ մտահոգիչ է, որ հեղինակային իրավունքի խախտման հայցերով լրագրողները չեն դիմում դատարան։ Ըստ իրավաբանի՝ վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող վեճերի առումով իրավիճակը բարելավվեց, քանի որ ահռելի քանակությամբ դատական գործեր եղան։ Իսկ հեղինակային իրավունքի պաշտպանությունը չի զարգանում, քանի որ դատարաններում այդպիսի գործեր գրեթե չեն լինում։ «Միգուցե լրագրողները կաշկանդվո՞ւմ են դատի տալ իրենց գործընկերներին…», – հարց հնչեցրեց Արա Ղազարյանը։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրականում նման երեւույթ կա, «բայց եթե մենք իսկապես ուզում ենք որակյալ լրագրությունը զատել այս ոլորտը խեղաթյուրողներից, ապա պետք է դատական հայց ներկայացնել, եթե իհարկե լրագրողական շրջանակի ներսում՝ օգտագործելով ինքնակարգավորման մեխանիզմը, հնարավոր չէ հարցը լուծել»։
«Newsbook.am» լրատվական կայքի խմբագիր Գոհար Վեզիրյանը բազմաթիվ օրինակներ բերեց սեփական փորձից։ «Երկարատեւ աշխատանքի արդյունքում իմ լրատվամիջոցը նյութ է հրապարակում, րոպեներ անց մեկ այլ լրատվամիջոց, վերցնելով այդ նյութը, հրապարակում է` այն դարձնելով իր հեղինակային նյութը։ Կան լրատվամիջոցներ, որ երկու աշխատակցով օրական 500 նյութ են թողարկում։ Այս պարագայում կոնկրետ մեղադրանքով պետք է դիմել դատարան»,- նշեց Վեզիրյանը։ Նրա խոսքով՝ բավական չէ այդ կայքերը չեն ստեղծում սեփական արտադրանք, ապօրինաբար տարածում են մյուս լրատվամիջոցների նյութերը, շահույթ ստանում, միեւնույն ժամանակ նաեւ խորհուրդ են տալիս գործընկերներին օգտվել այդ ամենին նպաստող համացանցում առկա մեխանիզմներից։
Ի դեպ, «Newsbook.am»-ի խմբագիրը վիրավորական համարեց հատկապես այն փաստը, որ գրագողությամբ ու հեղինակային իրավունքի խախտմամբ սկսել են զբաղվել նույնիսկ կայացած լրատվամիջոցները։ Մինչդեռ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ պետք է ընդունել, որ համացանցն անծայրածիր է, հետեւաբար անբարեխիղճ լրագրությամբ զբաղվող կայքեր շարունակելու են գործել։
Խնդրի լուծման առումով միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն առաջարկեց հայցեկարագ մշակել ու մի անկախ մարմին ստեղծել, որն արտադատական կարգով կզբաղվի հեղինակային իրավունքի պաշտպանությամբ։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ողջունեց այդ գաղափարը եւ, ամփոփելով քննարկումը, նշեց, որ այդուհանդերձ իրեն հարգող որակյալ լրատվամիջոցը պետք է գործի օրենքի եւ մասնագիտական էթիկայի դաշտում ու հայտարարի, որ անընդունելի է համարում «քոփիփեյսթային» գործելաոճը եւ չի զբաղվում դրանով:
Լիլիթ Հովհաննիսյան