Համացանցի զարգացմանը զուգընթաց` 90-ականներից մենք եկել ու հասել ենք մի վիճակի, երբ համացանցն իր հետ լուրջ մարտահրավերներ է բերել: Համացանցը հեղինակային իրավունքի և գրագողության առումով շատ մեծ հնարավորություններ է տալիս: «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը և հեղինակային իրավունքի պաշտպանություն»-ը թեմայով հրավիրված կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը:
«Մեզանում երկու հասկացություն չի տարբերակվում` գրագողությունը և հեղինակային իրավունքը»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին, երբ սկսվեց ինքնակարգավորման գործընթացը, կարծես, նվազել է գրագողությունների թիվը: «Այսօր խնդիրները հիմնականում հեղինակային իրավունքի հետ են կապված»,- նկատեց նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ այսօր բազմաթիվ լրատվական կայքերի գործունեության հիմքում «քոփի փեստ»-ն է:
«Հայտնվում են շատ լրատվամիջոցներ, որոնք հենց այդ միջոցով են աշխատում: 2005-2006 թվականներին այդքան ակտուալ չէր այս խնդիրը, մարդիկ իրարից արտագրություն անելիս պարտադիր նշում էին աղբյուրը: Լրագրողական աշխարհի բարոյականությունն այլ էր»,- ընդգծեց Մեսրոպ Հարությունյանը:
Մեդիա փորձագետը, բացի նյութերի տեքստային մասից, առանձնացրեց նաև լուսանկարների հեղինակային իրավունքի խնդիրը, երբ որոշ լրատվամիջոցներ կարող են իրենց սեփականը դարձնել ուրիշի արած լուսանկարը:
Օրինակ բերելով հայկական լրատվամիջոցների մի շարք հեղինակային իրավունքի խախտման դատական դեպքեր, ինչպես նաև անդրադառնալով հեղինակային իրավունքի պահպանման ելքերին` նա ասաց. «Լավ է, որ օրենքը կա, բայց այս իրավունքի պահպանումը անհատական խնդիր է: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է կարողանա հսկել իր հեղինակային իրավունքը»,- նկատեց Մեսրոպ Հարությունյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, չհամաձայնելով Մեսրոպ Հարությունյանի այս կարծիքի հետ, ասաց. «Եթե լրատվամիջոցի ղեկավարը հարգում է իր լրատվամիջոցը, ապա պետք է իր աշխատակիցներին ասի, որ մենք ենթարկվում ենք հեղինակային և հարակից իրավունքի նորմերին, և «քոփի փեստ»-ը մեզ մոտ թույլատրելի չէ»: