Երեկ Կոնգրես հյուրանոցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հերթական կլոր սեղանն էր հրավիրել` այս անգամ՝ «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայի շրջանակներում։
Զեկուցողը՝ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանն էր, որը խոսեց հայկական լրատվական դաշտում հաճախակի դարձած գրագողության եւ հեղինակային իրավունքի խախտման դեպքերի մասին՝ ներկայացնելով այդ երկու երեւույթների նմանություններն ու տարբերությունները։ Վերջինս նկատեց, որ համացանցի զարգացումը նոր մարտահրավեր է հեղինակային իրավունքին, եւ այս առումով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը թեպետ լավն է, այնուամենայնիվ, որոշակի թարմացումների կարիք ունի։
Ինչպե՞ս պայքարել գրագողության դեմ եւ հանուն հեղինակային իրավունքի. Հարությունյանի դիտարկմամբ՝ այս թեմայով նախադեպեր արդեն կան մեզանում։ Մասնավորապես՝ խոսքը Facebook-ում ստեղծված «Հանուն բարեխիղճ լրագրության» խմբի մասին է, որտեղ հավաքված լրագրողներն ամենօրյա աշխատանքով փորձում են կարգի հրավիրել այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք զբաղված են գրագողությամբ եւ հեղինակային իրավունքը ոտնահարելով։ Երեկվա հանդիպումից պարզվեց նաեւ, որ դատական նախադեպեր եւս կան։ Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը։ Ըստ Մեսրոպ Հարությունյանի՝ հեղինակային իրավունքի ոտնահարումների եւ գրագողության դեպքերի բացահայտումը անհատական խնդրի մակարդակում պետք է դիտարկել։ Մեդիափորձագետն ու ներկաները համակարծիք էին, որ սա էլ իր դժվարություններն ունի, որովհետեւ լրագրողը կամ խմբագիրը չեն կարող ողջ օրը զբաղվել մոնիտորինգով եւ բացահայտել՝ ով ի՞նչ նյութ գողացավ իրենցից կամ արտատպեց՝ առանց պատճաշ հղման պարտադիր նորմը պահելու։
Երեկվա հանդիպման ամենաուշագրավ դրվագը, թերեւս, հետեւյալն էր։ Պարզվում է` դեռեւս 2014 թվականի մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել գրող Արփի Ոսկանյանի հայցադիմումը ընդդեմ «1in.am» կայքի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի, որով հայցվորը պահանջում է վերականգնել իր հեղինակային իրավունքր, հեռացնել իր բանաստեղծությունը կայքից եւ որպես վնասի փոխհատուցում վճարել 200 հազար դրամ։ Նկատենք, որ կայքը առանց հեղինակի թույլտվության հրապարակել էր Արփի Ոսկանյանի «Քաղաքական հանելուկ» բանաստեղծությունը՝ դրա հիման վրա երգ ստեղծելու մրցույթ հայտարարելով։
Մինչ իրավապահներին դիմելը` Ոսկանյանը բողոք էր ներկայացրել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին։ Այդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ եզրակացության մեջ ասված էր, որ չնայած բանաստեղծությունն արտատպվել է աղբյուրին հղում կատարելով, սակայն դա արվել է հեղինակային իրավունքի սուբյեկտի ակնհայտորեն արտահայտված կամքին հակառակ եւ այդ առումով հանդիսանում է լրագրողական էթիկայի նորմերի խախտում։
Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրեց, որ փաստաբանը Ոսկանյանին հաշտություն է առաջարկել՝ ասելով, թե կայքն ընդունում է իր սխալը եւ պատրաստ է փոխհատուցել։ Սկսվում են քննարկումները, իսկ այդ ընթացքում փաստաբան է փոխվում։ Կես տարի գործն այդպես ձգձգվում է։ Այնուհետեւ նիստերից մեկին նախորդող օրը նոր փաստաբան է զանգահարում՝ Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող փաստաբանական ընկերությունից։ Վերջինիս Արփին տեղեկացնում է, որ ինքը պահաջում է օրենքով սահմանված 200 հազար դրամը, չնայած, որ նախորդ փաստաբանի հետ բանակցություններում համաձայնել էր 150 հազար դրամի չափով փոխհատուցման։ Նոր փաստաբանը, սակայն, երեք այլ պայման է առաջարկում՝ կայքից հանել Արփի Ոսկանյանի ստեղծագործությունը, նրան որպես փոխհատուցում տալ 100 հազար դրամ, իսկ Արփին իր հերթին պետք է հրապարակային տեքստեր տարածի առ այն, որ նա զղջում է համացանցում կայքի հասցեին արված հայտարարությունների համար։ Ոսկանյանը ստիպված է եղել փաստաբանին բացատրել, որ ինքը համացանցում կայքի հասցեին որեւէ հրապարակային հայտարարություն չի արել, ընդամնեը այդ թեմայով հարցազրույցներ է տվել այլ լրատվամիջոցների։ Ու այստեղ հնչում է փաստաբանի վերջին՝ երկու կետանոց առաջարկությունը՝ մենք հեռացնում ենք ձեր ստեղծագործությունը կայքից, ձեզ վճարում ենք 50 հազար դրամ, իսկ դուք կարող եք չզղջալ։
«Սա անբարոյականության գագաթնակետն է այս կայքի ղեկավարության կողմից». այսպիսին է Մեսրոպ Հարությունյանի գնահատականը տեղի ունեցածի կապակցությամբ։ Դատական այս վեճը դեռեւս չի հանգուցալուծվել։ Ի դեպ՝ այս ամենի նկարագրությունն ու դրա գնահատականները հնչեցին հենց «1in.am» կայքի լրագրողի ներկայությամբ, ով միջոցառման կեսից լքեց կլոր սեղանը։ Ի դեպ՝ առանց որեւէ բառ ասելու։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
http://www.chi.am/index.cfm?objectid=7D353D90-4E8B-11E5-82940EB7C0D21663